Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. գործն արդեն դատարանում է

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում տեղադրված մեղադրական եզրակացությունից, Տոնոյանը կրկին մեղադրյալի աթոռին է հայտնվել այն բանի համար, որ զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Մեղադրյալի աթոռին է նաև ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ Նորայր Յոլչյանը։

«Յոլչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի պաշտոնը, օժանդակել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Տոնոյանին չարաշահել պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»,- նշվում է մեղադրականում։

Բարձրաստիճան նախկին պաշտոնյաների նկատմամբ կիրառված է բացակայելու արգելք խափանման միջոցը՝ համակցված գրավով։

Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 24-ին և նույն օրը մակագրել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին։

Ավելի վաղ նոր մեղադրանքի մասին գրել էր լրագրող Քնար Մանուկյանը, որոշ մանրամասներ հայտնելով Նորայր Յոլչյանին մասին։

«Նորայր Յոլչյանը «Մարտի 1»-ի գործով առանցքային դեմքերից մեկն էր և 2020 թվականին ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր պաշտոն էր ստացել։ Նրա անունը շոշափվել էր ՀՀ պաշտպանության նախարարի՝ թիկունքի գծով տեղակալ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի՝ «Մարտի 1»-ի գործով որպես վկա Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննության ժամանակ»,- գրել էր լրագրողը։

Հիշեցնենք՝ Տոնոյանն այսօր ևս ամբաստանյալի աթոռին է. 2018-ից մինչ 44-օրյա պատերազմի ավարտը պաշտպանական գերատեսչությունը ղեկավարած Տոնոյանն ու բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն» մեղադրվում են շուրջ 4,7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

Ըստ մեղադրող կողմի՝ 2018 թվականին բանակի համար ձեռք են բերվել ավելի քան 4 հազար 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հրթիռներն, որոնք հնարավոր չի եղել կիրառել պատերազմի ընթացքում։ Հենց այդ գործարքի հետևանքով պետությունը միլիոնավոր դոլարների վնաս է կրել։

Գործի քննությունը լրագրողների համար դռնփակ ռեժիմով է անցկացվում, պաշտպանական կողմն ամբողջ ընթացքում հրապարակային դատավարություն էր պահանջում՝ պնդելով, որ այս քրեական գործը պետական գաղտնիք չի պարունակում։ Դատարանն այս միջնորդությունը միայն մեկ անգամ է բավարարել. նիստը 1 ժամ դռնբաց է կայացել։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, պետի նախկին տեղական Ստեփան Գասլտյանը ու ևս երեք անձ։

Ռոզա Վարդանյան

Leave a comment