Գերմանական բազմաբնակարան շենքերից մեկում հայտնաբերվել են մարմիններ, երեխաները նաև ՀՀ քաղաքացիներ են

Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած ողբերգության հետևանքով մահացել է նույն ընտանիքի հինգ անդամ, այդ թվում՝ երեք երեխա։

Փրկարարներն ու ոստիկանները բնակարանում հայտնաբերել են 46-ամյա տղամարդու, նրա 74-ամյա մոր և երեք երեխաների դիերը։  Ոստիկանությունը հաղորդել է, որ երեխաներն ունեցել են Գերմանիայի և Հայաստանի երկքաղաքացիություն։

Հրշեջ ծառայությունը ենթադրում է, որ բնակարանում գուցե շմոլ գազի արտահոսք է եղել, քանի որ երկուշաբթի օրը, երբ արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները մուտք են գործել բնակարան, գազի դետեկտորները ազդանշան են տվել։ Դեռևս պարզ չէ՝ պատճառը տեխնիկական անսարքությո՞ւնն է, թե՞ հանցավոր գործողությունը։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին Ռիխարդ Վագներ փողոցի բնակարաններից մեկում։ Իրավապահներն ահազանգ են ստացել այն մասին, որ երեխաները չեն ներկայացել դպրոց, իսկ բնակարանի դուռը ներսից որևէ մեկը չի բացել։

Երկուշաբթի օրը բնակարանում հայտնաբերվել էր յոթ մարդ՝ 10-ից 14 տարեկան հինգ երեխա, նրանց 46-ամյա հայրը և 74-ամյա տատիկը։ Երեխաներից երկուսը՝ 12-ամյա տղա և 11-ամյա աղջիկ, ողջ էին մնացել, սակայն ստացել էին լուրջ վնասվածքներ ու տեղափոխվել մասնագիտացված հիվանդանոցներ։

 

Leave a comment