«Ես մի քանի սարսափելի սխալ եմ թույլ տվել». Ջենսեն Հուանգը ներողություն է խնդրել Nvidia-ի աշխատակիցներից

Քաղաքականություն

25.11.2026 | 16:06

Nvidia ընկերության գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը ներողություն է խնդրել աշխատակիցներից ընկերության վարքականոնի խախտումների համար։ Այս մասին նա հայտարարել է ընկերություն վերադառնալուց հետո աշխատակիցների հետ իր առաջին հանդիպման ժամանակ, հայտնում է The New York Times-ը, որին վկայակոչում է Meduza-ն։

«Ես մի քանի սարսափելի սխալ եմ թույլ տվել։ Ես հավատարիմ չեմ եղել կնոջս՝ Լորիին, ցավ եմ պատճառել երեխաներիս և, իհարկե, ձեզ բոլորիդ»,- ասել է Հուանգը։

Նա պատմել է, որ ամեն օր մասնակցում է 90 րոպեանոց թերապիայի սեանսների։ Հուանգն ընդգծել է, որ իր կողմից ընկերության վարքականոնի խախտումը, որի մշակմանը ինքն էլ է մասնակցել, «անընդունելի է»։

Աշխատակիցների հետ զրույցում նա նաև հերքել է այն վարկածը, թե իր վերադարձը կապված է կուլիսային պայմանավորվածությունների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Nvidia-ի տնօրենների խորհրդի վրա գործադրած ճնշման հետ։ Հուանգը հայտարարել է, որ դա «բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»։ Նա չի համարում, որ Nvidia վերադառնալը նշանակում է, թե ինքն «օրենքից վեր է» կամ «վարքականոնից վեր»։ Հուանգի խոսքով՝ Nvidia-ի տնօրենների խորհուրդը «գնահատել է իրավիճակը» և «հավաքել փաստերը»։ Բացի այդ, ընկերությունը Թրամփի վարչակազմից հավաստիացումներ է ստացել, որ Հուանգը ազգային անվտանգության համար սպառնալիք չի ներկայացնում։

Հուանգն անդրադարձել է The New York Times-ի՝ ընկերությունում իր կառավարման ոճին նվիրված հոդվածին։ Նա նախկինում իր մոտեցումն անվանել էր «նվաստացումների միջոցով մեծության հասնելու ուղի»։ Թերթի տվյալներով՝ երկար տարիներ Հուանգը վիրավորել է աշխատակիցներին, անձնական բնույթի արտահայտություններ արել և իրեն թույլ տվել կտրուկ  ու ագրեսիվ հայտարարություններ։

«Ես կարող եմ չափն անցնել։ Երբ չափն անցնում եմ, դա ցավ է պատճառում մարդկանց, նվաստացնում է նրանց և զրկում ինքնավստահությունից։ Դա սխալ է»,- հայտարարել է Nvidia-ի ղեկավարը։

Նրա խոսքով՝ ընկերության կադրերի բաժինը հավաքելու է իր աշխատանքի վերաբերյալ արձագանքները և ամեն ամիս դրանք ներկայացնելու է տնօրենների խորհրդին։

2026 թվականի աշնանը հայտնի դարձավ Ջենսեն Հուանգի և Megaspeed ընկերության աշխատակցուհի, Չինաստանի քաղաքացի Էլիս Հուանգի  հարաբերությունների մասին։ Ամերիկյան հատուկ ծառայությունները կնոջը կասկածել էին Չինաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ջենսեն Հուանգը հարաբերություններ է ունեցել նաև Nvidia-ի փոխնախագահ Քիմբերլի Փաուելի, ինչպես նաև ընկերության մեկ այլ՝ անունը չհրապարակված աշխատակցուհու հետ։

Նոյեմբերի 11-ին Nvidia-ն հայտարարել էր, որ Ջենսեն Հուանգին ազատել է ընկերության նախագահի, գլխավոր տնօրենի և տնօրենների խորհրդի անդամի պաշտոններից։ Սակայն արդեն նոյեմբերի 23-ին նա վերականգնվել է բոլոր պաշտոններում։

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Հուանգի վերադարձի հարցում գլխավոր դերակատարումն ունեցել է ԱՄՆ նախագահի վարչակազմը։ Մասնավորապես, Semafor-ի աղբյուրները հայտնել են, որ ընկերության հայտարարությունից մի քանի ժամ առաջ Թրամփը միացել է Nvidia-ի տնօրենների խորհրդի նիստին և հանդես եկել Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնում վերականգնելու օգտին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment