Անատոլիայում, իսկ հետագայում նաև Արցախում (Լեռնային Ղարաբաղում) հայ քրիստոնյաների ոչնչացումից հետո Թուրքիան և Ադրբեջանն այժմ անմիջականորեն թիրախավորել են Հայաստանի Հանրապետությունը։ Այս մասին Christian Solidarity International (CSI) միջազգային կազմակերպության նախագահ, դոկտոր Ջոն Էյբները հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանտոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում՝ աշխարհում քրիստոնյաների հալածանքներին նվիրված լսումների ժամանակ։
Էյբները նոյեմբերի 18-ին ելույթ է ունեցել «Քրիստոնյաների հալածանքներն աշխարհում․ պատասխան նոր մարտահրավերներին» խորագրով լսումներին։ Հանձնաժողովի համանախագահներն էին Քրիս Սմիթը (հանրապետական, Նյու Ջերսի նահանգ) և Ջեյմս Մաքգավերնը (դեմոկրատ, Մասաչուսեթս նահանգ)։ Սմիթը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «գոյաբանական սպառնալիք Իսրայելի, Հունաստանի և Հայաստանի համար», ինչպես նաև պատմել Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր վեճերի մասին։
«Դոկտոր Էյբներն ու համանախագահ Սմիթը բարձրաձայնեցին պարզ ու կոշտ ճշմարտությունը․ «մեկ ազգ, երկու պետություն» դաշինքով միավորված Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են ավարտին հասցնել 1915 թվականին սկսած գործը՝ հայ քրիստոնյաների ոչնչացումն իրենց պատմական հողերում»,- հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
«Հայերին հալածող վարչակարգերը երբեք պատասխանատվության չեն ենթարկվել՝ սկսած մինչ օրս անպատիժ մնացած Հայոց ցեղասպանությունից մինչև Արցախի էթնիկ զտումը, Բաքվում պահվող պատանդներն ու Հայաստանի նկատմամբ Ալիևի ագրեսիվ հավակնությունները, երբ նա Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։ Ամերիկան ունի բոլոր անհրաժեշտ գործիքները նրանց կանգնեցնելու համար։ Երկու կուսակցությունների վարչակազմերին էլ պակասել է միայն այդ գործիքները կիրառելու քաղաքական կամքը։ Իսկ սկսել պետք է Անկարային ու Բաքվին Վաշինգտոնի տրամադրած զենքի մատակարարումների, ֆինանսական օգնության և դիվանագիտական հովանավորության դադարեցումից»,- հավելել է նա։
Քրիստոնյաների դեմ Թուրքիայի արշավի բացահայտումը
Դոկտոր Էյբներն իր խոսքում շեշտադրել է խոցելի քրիստոնեական համայնքներին սպառնացող «մշտական վտանգը», որը ձևավորվում է «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով գործող Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության՝ գնալով ավելի ռազմականացվող ու ընդլայնվող գոտիներում։ Նրա խոսքով՝ սա «ամենալուրջ նոր սպառնալիքներից մեկն է ոչ միայն քրիստոնյաների, այլև մյուս կրոնական փոքրամասնությունների համար»։
Էյբներն այս քաղաքականությունը կապել է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հետ։
«Թուրքիայում քրիստոնեական համայնքների հալածանքները սնող ռազմատենչ ու հակաժողովրդավարական էթնոկրոնական ազգայնականությունը խորը պատմական արմատներ ունի։ Այն ձևավորվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման ժամանակ՝ միավորելով իսլամիզմի և ծայրահեղ թուրքական ազգայնականության գաղափարախոսությունները»,- նշված է Էյբների գրավոր ցուցմունքում։
Նա հանձնաժողովին տեղեկացրել է, որ Թուրքիայի քրիստոնյա բնակչությունը՝ հայերը, հույները, սիրիացիները, ասորիներն ու արամեացիները, Հայոց ցեղասպանության տարիներին կազմել են երկրի բնակչության 20%-ը, մինչդեռ այսօր այդ ցուցանիշը 1%-ից էլ պակաս է։
Էյբները նաև նշել է, որ ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) պետքարտուղարին կոչ է արել Թուրքիան ներառել կրոնական ազատությունը լրջորեն խախտող երկրների հատուկ ցանկում։ Սակայն Պետդեպարտամենտը մինչ օրս չի հետևել այդ հանձնարարականին։
Հանձնաժողովի համանախագահ Քրիս Սմիթը պատմել է, որ ավելի վաղ երկու լսում է անցկացրել՝ կոչ անելով ԱՄՆ նախագահին մարդու իրավունքների հարցը բարձրացնել Անկարա Էրդողանի այցի ժամանակ։ Նա պնդել է, որ Վաշինգտոնը պետք է շատ ավելի կոշտ քաղաքականություն վարի Թուրքիայի նկատմամբ։
«Իմ համեստ կարծիքով՝ Թուրքիան պետք է հայտնվի ԱՄՆ Պետդեպարտամենտի հատուկ մտահոգություն առաջացնող երկրների (CPC) ցանկում և պատժամիջոցների ենթարկվի իր գործողությունների համար»,- հայտարարել է Սմիթը։
Սմիթը նաև հիշել է, թե ինչպես է իրեն սպառնացել թուրք դեսպանը Հայոց ցեղասպանության հարցով իր անցկացրած լսումների ժամանակ։
«Նա նայեց ինձ ու ասաց. «Գիտե՞ք, եթե ճանաչեք Հայոց ցեղասպանությունը, մենք ձեզ դուրս կշպրտենք Ինջիրլիքից՝ այնտեղ գտնվող ձեր բազայից»։ Ահա այսպիսի բարեկամ ու ՆԱՏՕ-ի դաշնակից»,- նշել է Սմիթը։
Էրդողանին համեմատելով ԳՖՀ նախկին կանցլեր Կոնրադ Ադենաուերի հետ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդունել է նացիստների հանցագործությունների համար Գերմանիայի պատասխանատվությունը՝ կոնգրեսականը հավելել է. «Եվ այնուամենայնիվ, մենք գործ ունենք Էրդողանի ու մյուսների ժխտողականության մշակույթի հետ»։
Սմիթը նաև կասկածի տակ է դրել Անկարային F-35 կործանիչներ և այլ ժամանակակից սպառազինություն վաճառելու հնարավորությունը։
«Վարչակազմի ներկայացուցիչների հետ ճեպազրույցում ես նույնիսկ հարցրեցի՝ ի՞նչ այդքան լուրջ սպառնալիքի առաջ է կանգնած Թուրքիան, որ նրան F-35-եր են պետք։ Պարզապես աներևակայելի է, որ նրա նման մարդը կարող է անպատիժ մնալ»,- ասել է նա։
Դիմակայելով Արցախում Ադրբեջանի իրականացրած ցեղասպանական էթնիկ զտմանը
Էյբները պատմել է Ադրբեջանի տարածքում հայ քրիստոնեական համայնքների համակարգված ոչնչացման մասին։
«Որտե՞ղ են Նախիջևանի, Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի հայ քրիստոնյաները»,- հարց է բարձրացրել նա։
«Այդ համայնքներից վերջինը՝ Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյաները, 2023 թվականին արտաքսվեցին իրենց հնագույն հայրենիքից լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով, որին նախորդել էր իննամսյա շրջափակումը՝ քաղաքացիական բնակչությանը թուլացնելու նպատակով»,- հայտարարել է Էյբները։
Իր գրավոր ցուցմունքում նա նշել է, որ Ադրբեջանը՝ օգտվելով Թուրքիայի և Սիրիայից բերված հազարավոր ջիհադիստների աջակցությունից, շարունակում է օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքը, ինչպես նաև Բաքվում որպես պատանդ պահում է 20 հայ քրիստոնյայի՝ նրանց օգտագործելով այնպիսի պահանջներ պարտադրելու համար, որոնք Էյբներն անվանել է «կապիտուլյացիայի պայմանագրեր»։
Նա նախազգուշացրել է, որ Ադրբեջանի հավակնություններն այժմ անմիջականորեն տարածվում են Հայաստանի վրա։
«Ալիևը նպատակադրվել է Հայաստանի Հանրապետությունը վերածել իր բնորոշմամբ «Արևմտյան Ադրբեջանի»»,- հայտարարել է Էյբները։
«Որպես խաղաղության գին՝ Ալիևը պահանջում է, որ քրիստոնյա Հայաստանից մնացած հատվածը ենթարկվի ու ինտեգրվի թյուրք-մահմեդական ազդեցության գոտուն․․․ Այսպիսով՝ քրիստոնյա Հայաստանը կանգնած է լուրջ գոյաբանական սպառնալիքի առաջ»։
Էյբները կոչ է արել ամերիկացի օրենսդիրներին գործել նախքան հերթական ոճրագործությունը տեղի կունենա։
«Մենք չենք կարող անընդհատ միայն արձագանքել գլխատումներին, մահապատիժներին, եկեղեցիների պայթեցումներին ու բռնություններին։ Պետք է գործենք առաջանցիկ կերպով՝ կանխարգելիչ քայլեր ձեռնարկելով ամենուր, որտեղ հնարավոր է։ Հայաստանն այդ դեպքերից մեկն է»,- ընդգծել է նա։
Հանձնաժողովի համանախագահ Քրիս Սմիթը պատմել է Ադրբեջանի նախագահի հետ իր հանդիպումների մասին։
«Ես երկու անգամ Բաքվում հանդիպել եմ Ալիևի հետ, վիճել նրա հետ մարդու իրավունքների, հայերի հանդեպ նրա գործողությունների և անգամ սեփական ժողովրդի նկատմամբ նրա վերաբերմունքի շուրջ․ մարդկանց բանտ են նետում մարդու իրավունքների պահպանման ու հարգանքի կոչերի համար»,- հայտարարել է Սմիթը։
Նա հիշեցրել է, որ Արցախի ադրբեջանական շրջափակման ընթացքում նախագահել է տարածաշրջանի իրավիճակին նվիրված մի քանի լսումներ։ Դրանց թվում էին նաև Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի մասնակցությամբ լսումները։
«Սնունդը որպես զենք օգտագործելը ցեղասպանություն էր»,- հայտարարել է Սմիթը։
Կոնգրեսականը նաև դատապարտել է այն ընդունելությունը, որին Ալիևն արժանանում է Վաշինգտոնում։
«Ալիևը գալիս է այստեղ, և նրան շատ լավ են ընդունում։ Նկատի ունեմ՝ այս մարդը մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ է գործել և մինչ օրս էլ շարունակում է դա անել»,- ասել է նա։
Այնուհետև Սմիթը պատմել է, թե ինչպես է արգելափակվել Ադրբեջանում ժողովրդավարության մասին իր՝ 2015 թվականի օրինագիծը (H.R. 4264)։
«Մենք իսկապես որոշակի առաջընթաց էինք գրանցել դրա առաջմղման հարցում։ Բայց Պոդեստան՝ գիտեք, այստեղի խոշոր լոբբիստներից մեկը, մեծ փողերի տեր մարդ, Ադրբեջանի հաճախորդն էր։ Եվ նա հասավ նրան, որ հանձնաժողովը մերժեց իմ օրինագիծը։ Սա ցույց է տալիս, որ այստեղ երբեմն ամեն ինչ անազնիվ է ընթանում»,- հայտարարել է Սմիթը։
Հայ Առաքելական եկեղեցու հալածանքները
Էյբները նաև ցուցմունք է տվել Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների սկսած արշավի վերաբերյալ՝ այն ուղղակիորեն կապելով Թուրքիայի և Ադրբեջանի ճնշումների հետ։
Էյբների խոսքով՝ այս արշավը սկսվել է այն բանից հետո, երբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն 2025 թվականի մայիսին Շվեյցարիայի Բեռն քաղաքում կայացած Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համաժողովում դատապարտել է Արցախի էթնիկ զտումը, Բաքվում պատանդներ պահելը և հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումը։
«Հենց նա հանդես եկավ այդ հրապարակային հայտարարությամբ, սկսվեցին դաժան հալածանքները»,- հանձնաժողովին հայտնել է Էյբները։
Նրա խոսքով՝ քրեական մեղադրանքներ են առաջադրվել 14 հոգևորականի, այդ թվում՝ Ամենայն հայոց կաթողիկոսին։ Գարեգին Բ-ն մեղադրվում է արդարադատությանը խոչընդոտելու մեջ, նրան նաև արգելվել է լքել երկիրը։
Էյբները հայտարարել է, որ տեղի ունեցողը «բազմաթիվ ապշեցուցիչ նմանություններ ունի Հայաստանում բոլշևիկների գործողությունների հետ՝ առայժմ, բարեբախտաբար, առանց սպանությունների»։
Նա նաև պատմել է, թե ինչպես է անցյալ տարվա փետրվարին Երևանի բանտում տեսակցել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։ Նույն հաստատությունում 1937 թվականին մինչև մահապատիժը ստալինյան գաղտնի ոստիկանությունը պահել է Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանին։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին CSI-ի փոխանցած նամակում արքեպիսկոպոս Գալստանյանը գրել է, որ անազատության մեջ է հայտնվել այն պատճառով, որ «իր քրիստոնեական հավատն ու վկայությունը բերել է հանրային դաշտ՝ հույս ունենալով, որ ազգային ճգնաժամի այս շրջանում հայ ազգն ու պետությունը հավատարիմ կմնան իրենց պատմական քրիստոնեական ավանդույթին»։
«Ցավոք, Բագրատ արքեպիսկոպոսի նամակն անուշադրության մատնվեց։ Ամենևին չափազանցություն չէ պնդել, որ Միացյալ Նահանգներն ու նրա արևմտյան գործընկերներն աչք են փակում այս ամենի վրա»,- հայտարարել է Էյբները։
ԱՄՆ քաղաքականությունը վերանայելու կոչ
Եզրափակելով խոսքը՝ Էյբներն անմիջականորեն դիմել է ամերիկացի քաղաքական գործիչներին, որոնք, նրա խոսքով, «կարծես թե լիովին գոհ են, որ ամբողջ Մերձավոր Արևելքի կառավարումը հանձնում են Թուրքիային»։
«Եթե ներկայիս միտումները պահպանվեն, իսկ գործող քաղաքականությունը մնա անփոփոխ, Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության լայն ու ընդլայնվող գոտում էլ ավելի շատ քրիստոնեական համայնքներ կոչնչանան կամ աստիճանաբար կանհետանան»,- նախազգուշացրել է նա։
«ԱՄՆ-ն կարող է կանխել նման հանգուցալուծումը՝ ավելի ակտիվ աջակցելով կրոնական ազատությանը Թուրքիայի ազդեցության գոտում և վտանգված քրիստոնյաների ու կրոնական փոքրամասնությունների գոյատևումը դարձնելով իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը»,- հայտարարել է Էյբները։
«Եթե Միացյալ Նահանգները քաղաքական կամք դրսևորի՝ կրոնական ազատությանն ավելի բարձր առաջնահերթություն տալու համար, և սկսի որոշակի արժեք տեսնել իրենց քրիստոնեական հավատի կամ ինքնության պատճառով հալածվող մարդկանց պաշտպանության մեջ, չեմ կասկածում, որ ունի բոլոր անհրաժեշտ գործիքները՝ իրավիճակի հետագա վատթարացումը կանգնեցնելու համար»,- հավելել է նա։
Որպես օրինակ՝ Էյբները հիշեցրել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հաստատակամ պահանջը՝ Ռեյկյավիկում Միխայիլ Գորբաչովի հետ իր առաջին հանդիպման ժամանակ մարդու իրավունքների հարցը դնել առաջին տեղում։
«Թող այս օրինակը կրկին ուղենիշ դառնա ամերիկյան քաղաքական ղեկավարության ու հանրության համար՝ Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության գոտիների ընդլայնման պայմաններում նրանց հետ փոխգործակցելիս»,- եզրափակել է Էյբները։