Ցուրտն ավելի մահաբեր է, քան շոգը. Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է.

«Կլիմայի գլոբալ փոփոխությունն աշխարհի բնապահպանական օրակարգի ամենաքննարկվող թեմաներից է։ Շոգի ալիքներն ու Երկրի միջին ջերմաստիճանի բարձրացումը նշում են որպես լրացուցիչ մահացության աճի պատճատներ։ Իսկ ի՞նչ են ցույց տալիս տվյալները, երբ համեմատում ենք բարձր և ցածր ջերմաստիճանների հետ կապված մահերի թիվը։

Մի շարք հետազոտությունների համաձայն՝ ուսումնասիրված բոլոր երկրներում ցրտի հետ կապված մահերի թիվը գերազանցել է շոգի հետ կապված մահերի թվին։ Հետազոտություններից մեկում այդ տարբերությունը մոտ քառակի է եղել։

Էդինբուրգի համալսարանի և Էդինբուրգի կլիմայի փոփոխության ինստիտուտի ուսումնասիրության համաձայն՝ մահերի ընդհանուր թվի 7,7%-ը կապված է եղել ջերմաստիճանային գործոնների հետ։ Ընդ որում՝ բոլոր մահերի 7,3%-ը կապված է եղել ցածր ջերմաստիճանների, իսկ 0,4%-ը՝ շոգի հետ։ Նման արդյունք է արձանագրվել նաև եվրոպական 854 քաղաք ընդգրկած ուսումնասիրությունում․ ցրտի հետ կապված մահերի թիվը մոտ 10 անգամ ավելի մեծ է եղել, քան շոգի հետ կապված մահերինը։

Համաշխարհային գնահատականներով՝ ցրտի հետ կապված մահերի թիվը մոտ 9 անգամ գերազանցում է շոգի հետ կապված մահերի թվին։ Ուսումնասիրված բոլոր տարածաշրջաններում այդ հարաբերակցությունն առնվազն 3։1 է, իսկ շատերում գերազանցում է 10։1-ը։ Նույնիսկ մոլորակի ամենաշոգ շրջաններում ցրտի հետ ավելի շատ մահեր են կապվում, քան շոգի»։

Leave a comment