Հուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից

Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել ընկերության աշխատակիցներից իր արտամուսնական կապերի շուրջ սկանդալի պատճառով և ընդունել իր սխալների լրջությունը։ Այս մասին նոյեմբերի 24-ին հայտնել է The New York Times (NYT) թերթը։

«Ես սարսափելի սխալներ եմ գործել։ Ես անհավատարիմ եմ եղել Լորիին (կնոջը. — խմբ.), ցավ եմ պատճառել երեխաներիս և, իհարկե, ցավ եմ պատճառել ձեզ բոլորիդ», — Հուանգի խոսքերն է մեջբերում պարբերականը։

Թերթի տվյալներով՝ Հուանգն աշխատակազմի ընդհանուր ժողովում, որը կայացել է նրա՝ պաշտոնին վերադառնալու հաջորդ օրը, պատմել է, որ ամեն օր մասնակցում է հոգեթերապիայի 90-րոպեանոց սեանսների։ Նա նաև անթույլատրելի է անվանել կորպորատիվ վարքականոնի խախտումը, որի մի մասն ինքն է գրել։ Միաժամանակ Nvidia-ի ղեկավարը շեշտել է, որ տնօրենների խորհրդի որոշմամբ իր պաշտոնում վերականգնումը մյուս աշխատակիցներին իրավունք չի տալիս անտեսելու ընկերության ներքին կանոնները։

Բացի այդ, Հուանգը հերքել է այն տեղեկությունները, թե տնօրենների խորհուրդն իրեն պաշտոնին է վերադարձրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո։ Նա այդ պնդումները կեղծ է անվանել և պարզաբանել, որ ընկերության ղեկավարությունը «գնահատել է ամբողջ իրավիճակը», հավաքել անհրաժեշտ տեղեկությունները և ամերիկացի առաջնորդի վարչակազմից հավաստիացումներ ստացել, որ Հուանգն ազգային անվտանգության համար սպառնալիք չի ներկայացնում։

NEWS.am

Leave a comment