ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմինների միջև գործակցության զարգացման հեռանկարները։
Նոյեմբերի 16-18-ը նա մասնակցել է Ոստիկանության համաշխարհային գագաթնաժողովին։ Միջոցառման օրակարգում ընդգրկված են եղել իրավապահ համակարգում արհեստական բանականության գործիքների կիրառմանը, կիբեռհանցավորության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարին, ինչպես նաև ոստիկանական համակարգի թվայնացմանն առնչվող հարցեր։
Աշխատանքային այցի շրջանակում Կամո Ցուցուլյանը հանդիպում է ունեցել Դուբայի ոստիկանապետ Աբդուլլա Խալիֆա Ալ Մառիի հետ։
Կողմերն անդրադարձել են երկկողմ կապերի ամրապնդման հեռանկարներին, կրթական և տեխնոլոգիական ոլորտներում փորձի փոխանակմանը, համատեղ վերապատրաստման դասընթացների կազմակերպմանն ու «խելացի ոստիկանական կայանների» ներդրման հնարավորություններին։
Հանդիպման ընթացքում դիտարկվել է նաև համագործակցության հուշագրի ստորագրման հնարավորությունը։
Կամո Ցուցուլյանը Դուբայի ոստիկանապետին Հայաստան այցելելու հրավեր է ուղղել՝ երկկողմ համագործակցության ուղղություններն առավել առարկայական քննարկելու նպատակով։
Այցի ընթացքում Ցուցուլյանը եղել է նաև Դուբայի ոստիկանության գլխավոր վարչությունում, ծանոթացել օպերատիվ կառավարման կենտրոնի և «խելացի ոստիկանական կայանի» գործունեությանը։ Նա ուսումնասիրել է նաև գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված միջազգային ցուցահանդեսում ներկայացված նորագույն տեխնոլոգիական լուծումներն ու հատուկ նշանակության միջոցները։