Շատերի համար թվա գուցե զարմանալի, բայց ինքս դեռ չեմ ծանոթացել նոր Սահմանադրության նախագծին, ու չեմ էլ շտապում։ Չեմ շտապում, որովհետեւ ինձ համար ելակետն այն է, որ այս պատմության առանցքային դրվագը Ադրբեջանի թելադրանքն է։ Եթե անգամ Ադրբեջանի թելադրանքով Հայաստանն ընդունում է աշխարհում ամենահավասարակշռված ու ամենադեմոկրատական մեխանիզմներով լեցուն Սահմանադրությունը, միեւնույն է, դա այլեւս Հայաստանի Սահմանադրություն չէ, այլ դա արդեն Ադրբեջանի Հայաստանն է։
Իսկ ի՞նչ է հաջորդելու դրան։ Ենթադրենք, որ ընդունվում է այդ Սահմանադրությունը, հետո ստորագրվում է Խաղաղության պայմանագիրը, վավերացվում է, եւ մտնում է ուժի մեջ։ Իսկ այդ պայմանագրի 8–րդ կետն ասում է․ «Կողմերը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ՝ դրանց բոլոր դրսևորումներով՝ յուրաքանչյուրն իր իրավազորության շրջանակներում և կապահովեն իրենց նկատմամբ կիրառելի միջազգային պարտավորությունների կատարումը»։
Ի՞նչ կստացվի։ Կստացվի, որ Հայաստանի Անկախության հռչակագիրը այդ կետի խախտում է, իհարկե՝ Ադրբեջանի մեկնաբանությամբ։ Իսկ, քանի որ Ադրբեջանի մեկնաբանության հիմքով էլ ծավալվել է այս գործընթացը Հայաստանում՝ որպես Խաղաղության պայմանագրի ստորագրման պայման, ապա դրա ստորագրումից, վավերացումից եւ ուժի մեջ մտնելուց հետո Անկախության հռչակագիրը Բաքուն «կմեկնաբանի» որպես Խաղաղության պայմանագրի 8–րդ կետի խախտում, կամ առնվազն՝ հակասություն։ Ու թերեւս դժվար չէ կռահել, թե ո՞րն է լինելու պահանջը՝ խմբագրել Անկախության հռչակագիրը կամ առնվազն ջնջել դրա այն դրույթը կամ դրույթները, որոնք չեն բավարարում Ադրբեջանի քիմքին։ Սահմանադրական գործընթացը խթանելով Ադրբեջանն ընդամենը «ասֆալտում» է դեպի Անկախության հռչակագիր տանող ճանապարհը։
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Լուսանկարը՝ Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան էջից
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: