Բոչորիշվիլիին Ադրբեջանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները և TRIPP-ի շուրջ զարգացումները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիին, որն այցելել է Ադրբեջան։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-վրացական երկկողմ հարաբերությունների օրակարգը, համագործակցության ընդլայնման հեռանկարներն ու տարածաշրջանային զարգացումները։

Վրաստանի արտգործնախարարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը՝ նշելով, որ այն կնպաստի Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանն ու տարածաշրջանի ներուժի զարգացմանը։ Նա ընդգծել է, որ Վրաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման գործում։

Բոչորիշվիլին հանդիպել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Բայրամովը վրաց գործընկերոջը տեղեկացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումների և այդ հարցում Բաքվի դիրքորոշման մասին։

Նա նաև ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը՝ մասնավորապես անդրադառնալով տարանցիկ սահմանափակումների վերացմանն ու Վրաստանի տարածքով ադրբեջանական ծագման նավթամթերքի՝ Հայաստան արտահանման մեկնարկին։ Բայրամովը բարձր է գնահատել այս գործընթացում Վրաստանի ներդրումը։

Բայրամովը տեղեկացրել է նաև, որ վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև բանակցություններ են ընթացել TRIPP նախագծի շուրջ, որն անցնելու է Հայաստանի տարածքի 42-կիլոմետրանոց հատվածով։

«Մենք ցանկանում ենք, որ այս նախագիծը հնարավորինս շուտ ավարտին հասցվի։ Այն Արևելք-Արևմուտք ուղղության Միջին միջանցքի նոր հատված է, որը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի բոլոր երկրների համար»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Նա հավելել է, որ նախագիծը լրացուցիչ առավելություններ կստեղծի Հարավային Կովկասի բոլոր երկրների համար։

Leave a comment