Քաղաքականություն
25.11.2026 | 10:25
Աշխարհահռչակ նկարիչ Հովհաննես Այվազովսկու «Վենետիկը գիշերով․ Սան Ջորջո Մաջորե» կտավը նոյեմբերի 24-ին Լոնդոնում Sotheby’s -իաճուրդում վաճառվել է 1,08 միլիոն ֆունտով (շուրջ 1,3 միլիոն եվրո)։ Աճուրդի տան կայքում նշվում է, որ ստեղծագործության նախնական գնահատված արժեքը 500-700 հազար ֆունտ է եղել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Վենետիկը գիշերով․ Սան Ջորջո Մաջորե» կտավը Այվազովսկին ստեղծել է 1862 թվականին։ Sotheby’s-ի կայքում նշվում է, որ կտավի ենթաշրջանակի վրա պահպանված մոմե կնիքի հետքերը թույլ են տալիս ենթադրել, որ այն ժամանակին մաքսային ստուգում է անցել Տրիեստում, որն այդ ժամանակ Ավստրիական կայսրության կազմում էր։
«Հնարավոր է՝ կտավը նավով նկարչի հայրենի քաղաք Թեոդոսիայից տեղափոխվել է Տրիեստ, իսկ այնտեղից՝ Եվրոպա՝ ցուցահանդեսին մասնակցելու համար»,- նշվում է աճուրդի տան կայքում։
Էստոնացի կոլեկցիոներն ու հնավաճառը Այվազովսկու կտավը ձեռք է բերել Սանկտ Պետերբուրգում՝ 19-րդ դարի վերջին։ Այդ ժամանակից ի վեր նկարն ավելի քան մեկ դար պահպանվել է նույն ընտանիքում։
Բոլշևիկյան հեղափոխությանը հաջորդած ցնցումների և քաղաքացիական պատերազմի պատճառով ընտանիքը վերադարձել է Էստոնիա՝ իր հետ տանելով նաև կտավը, նշվում է Sotheby’s-ի կայքում։
«Վենետիկը գիշերով․ Սան Ջորջո Մաջորե» կտավն աճուրդի է հանվել առաջին անգամ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի