«Մենք «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5 հիմնադիր անդամներն ենք հայկական կողմից: Այսօր կփորձենք ձեզ ներկայացնել ուրբաթ եւ շաբաթ օրերին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագետների և լրագրողների միջեւ Ծաղկաձորում կայացած հանդիպումը, միջոցառումը: Յուրքանչյուր կողմից եղել է 20 պատվիրակ»,-ասոււլիսում նշեց Արեգ Քոչինյանը:
«Ադրբեջանական կողմի պատվիրակությունը Հայաստան էր ժամանել սահմանազատված հատվածով՝ Ոսկեպարի մոտակայքում գտնվող կետով՝ անցնելով պետական սահմանը հատելու համար նախատեսված համապատասխան ընթացակարգերով: Մեր կողմից մասնակցել է 20 հոգի նախկին 5-ի փոխարեն, ինչը բավականին կարեւոր եմ համարում: Մի քանի էլեմենտ եմ ուզում ներկայացնել. առաջինը, որ մենք այլեւս կարող ենք խոսել ձեւավորված ֆորմատի, այլ ոչ թե մեկանգամյա, երկուանգամյա, երեքանգամյա ֆորմատի մասին…
Կարեւոր եմ համարում նաեւ այն, որ կողմերը, բացի բուն հանդիպումներից, անում են բավականին լուրջ տնային աշխատանք: Երկու երկրներում համապատասխան պատվիրակությունները հանդիպումներ են կազմակերպում քաղաքացիական հասարակության, մեդիայի, փորձագիտական համայնքի քաղաքացիների հետ, մարզային համայնքներում են այցելություններ պլանավորվում: Այսինքն, բոլոր ուղղություններով նախաձեռնություներն աշխատում են հնարավորինս ընդգրկուն միջավայր ձեւավորելու համար:
Նախաձեռնությունները պայմանավորվել են նաեւ համատեղ պրոյեկտների մասին: Մենք գրում ենք համատեղ հոդվածներ, որոնցից առաջինը հույս ունեմ, որ առաջիկա օրերին հնարավարություն կունենաք տեսնելու, համատեղ հետազոտություններ եւ այլ համատեղ պրոյեկտներ ենք քննարկում, որոնք շուտով իրականություն կդարձնենք»,-տեղեկացրեց Քոչինյանը:
«Անկախ նրանից՝ միջոցառումը Հայաստանում է, թե Ադրբեջանում, կողմերը հնարավորություն են ունենում իրենց հասարակություններին հուզող բոլոր հարցերը բարձրաձայնելու եւ քննարկում իրականացնելու: Ցամաքային անցման գաղափարը ծնվել է հենց մեր ֆորմատում՝մեր փորձագիտական քննարկումների ժամանակ: Երկու երկրների մայրաքաղաքներն ըստ էության ողջունել են դա եւ իրականություն են դարձրել:
Նշեմ, որ միջոցառոււմները տեղի են ունենում երկու երկրների կառավարությունների աջակցությամբ, այդ թվում՝ ֆինանսական աջակցությամբ: Տասնամյակներ շարունակ խաղաղապահական խողովակները, փորձագիտական եւ քաղհասարակությունների հանդիպումները տեղի են ունեցել այլ երկրներում, հաճախ այլ մայրցամաքներում՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի, տարբեր արտասահմանյան կառույցների եւ օտարերկրյա պետությունների ֆինանսավորմամբ: Առաջին անգամ սա արվում է երկու երկրների պետական աջակցությամբ եւ ֆինանսավորմամբ, ինչը չպետք է թերագնահատել»,- ընդգծեց Քոչարյանը:
Նա նաեւ անդրադարձավ իրենց ուղղված քննադատություններին. «Շատ հաճախ մենք տեսնում ենք քննադատություն՝ դուք, ինչ է փորձում եք անցյալը ջնջել, մեր ցավը մոռանալ, փորձում եք խմբագրել եւ այլն… Այստեղ կարեւոր եմ համարում արձանագրել մի բան՝ որեւիցե պահի մեր առջեւ նպատակ չենք դրել մոռացության մատնել մեր պատմությունը, տարաձայնությունները եւ այն ցավը, որը եւ մեր, եւ իրենց հասարակությունում կա: Մեր նպատակը այդ ամբողջ բեռին զուգահեռ, որ ձեւավորվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին տասնամյակների ընթացքում, ձեւավորել նաեւ խաղաղության օրակարգը սպասարկող նախագծեր, քննարկումներ, դրական թղթապանակ, միեււնույն ժամանակ փորձել աջակցել առկա խնդիրների կարգավորմանը՝ ինչ-ինչ գաղափարներ առաջարկելով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: