Քննարկվել են Հայաստանում ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը

Նոյեմբերի 23-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայաստան-ԵԱՀԿ ծրագրային համագործակցության շրջանակներում հանդիպում՝ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և ԵԱՀԿ քարտուղարության ղեկավար կազմի մասնակցությամբ։ Հանդիպմանը հաջորդել է ԵԱՀԿ մասնակից պետությունների, այդ թվում՝ իրականացվող ծրագրերին ֆինանսական աջակցություն ցուցաբերող դոնոր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ճեպազրույցը։

Հանդիպումների ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստան-ԵԱՀԿ ծրագրային համագործակցության ձևաչափի կարևորությունը՝ գոհունակություն հայտնելով դրա շրջանակներում Հայաստանի կարիքներին ու առաջնահերթություններին համապատասխան իրականացվող ծրագրերի լայն շրջանակի կապակցությամբ։

Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ԵԱՀԿ-ի հետ ծրագրային համագործակցության ընդլայնման Հայաստանի առաջնահերթությունները՝ մասնավորապես կարևորելով փոխկապակցվածության, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում կարողությունների զարգացման, միջազգային առևտրի, անվտանգության ոլորտի կառավարման և այլ ոլորտներում համագործակցության խորացումը։

ԵԱՀԿ-ի կողմից հանդիպումներին մասնակցել և ելույթներով հանդես են եկել ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Քեյթ Ֆերոնը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն, դեսպան Խաթուն Դեմիրերը և ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգող, դեսպան Բակիտ Ջուսուպովը։

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին, արձանագրված արդյունքներին, ինչպես նաև ծրագրային համագործակցության հետագա զարգացման և նոր նախաձեռնությունների իրականացման հեռանկարներին։

Leave a comment