Իշխանության կողմից հրապարակված սահմանադրական փոփոխությունների նախագիծը վկայում է ոչ միայն արտաքին պարտադրանքի, այլև ներքաղաքական դաշտում իշխանության կենտրոնացման ու ավտորիտար կառավարման համակարգի ամրապնդման միտումների մասին։ Այս մասին ասված է «Ընդդիմադիր համախմբում»-ի տարածած հայտարարության մեջ։
Հայտարարության հեղինակների գնահատմամբ՝ այսպես կոչված «ալիևյան սահմանադրությունը» Հայաստանի ներքին օրակարգ է մտցվել Ադրբեջանի նախագահի պահանջով և երկու հիմնական վտանգ է պարունակում։ Առաջինը օտար պետության թելադրանքի ընդունումն է, քանի որ Սահմանադրության փոփոխությունը ներկայացվում է որպես Բաքվի կողմից խաղաղության նախապայման՝ վտանգելով երկրի անկախ պետականության հիմքերն ու ինքնիշխանությունը, խոչընդոտելով զարգացման հեռանկարները և չառնչվելով հայ ժողովրդի ինքնությանն ու ազգային արժեքներին։ Երկրորդ սպառնալիքը իշխանության անսահմանափակ կենտրոնացումն է, երբ սահմանադրական գործընթացն օգտագործվում է իշխող ուժի կողմից զսպումների ու հակակշիռների մեխանիզմները վերացնելու համար։
Համախմբումն արձանագրել է, որ իշխող ուժը լեգիտիմություն չունի սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար, իսկ հասարակության խորը բևեռացման, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ բռնաճնշումների ու ապօրինությունների պայմաններում Մայր օրենքի փոփոխությունը ժողովրդավարական ու բազմակարծիք քննարկումների ճանապարհով անհնար է։
Հայտարարությամբ «Ընդդիմադիր համախմբում»-ը վճռականորեն մերժել է արտաքին պահանջով թելադրված նոր Սահմանադրությունը, համերաշխություն հայտնել խորհրդարանական ընդդիմությանը՝ ազգային արժանապատվությունը չզիջելու դիրքորոշման հարցում, և ընդգծել համախմբված ուժերով այդ գործընթացին դիմակայելու պատրաստակամությունը։ Հաղորդվում է նաև, որ առաջիկա օրերին կհայտարարվի այս օրակարգով Համախմբման հանդիպման անցկացման մասին։