Մանասյանը տնտեսվարող սուբյեկտների իրավունքների պաշտպանությունից է խոսել

ՄԻՊ գրասենյակից հաղորդագրություն են տարածել․

 

«Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը՝ «Քրեական վարույթների շրջանակներում տնտեսվարող սուբյեկտների իրավունքների և ազատությունների պատշաճ երաշխավորմանն առնչվող գործնական խնդիրներ» թեմայով։

 

Բացման խոսքով հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ խորհուրդը ընդամենը մի քանի ամիս առաջ է ստեղծվել՝ միավորելով գործարար համայնքի, քաղաքացիական հասարակության, մասնագիտական միավորումների ներկայացուցիչներին, անկախ փորձագետներին և նպատակ ունի ձևավորել համագործակցության արդյունավետ հարթակ՝ ոլորտում առկա խնդիրների վերհանման և դրանց լուծմանն ուղղված համակարգային մոտեցումների մշակման համար։

 

Պաշտպան Անահիտ Մանասյանը շեշտել է, որ գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանությունը ՄԻՊ աշխատակազմի առաջնահերթություններից է։

 

Անահիտ Մանասյանը նաև ընդգծել է, որ ոլորտային խնդիրների արդյունավետ լուծումը հնարավոր է միայն համատեղ աշխատանքի, գործընկերային վստահելի հարաբերությունների և տարբեր դերակատարների ակտիվ ներգրավման պայմաններում։

 

Անդրադառնալով քննարկվող թեմայի կարևորությանը՝ Պաշտպանը նշել է, որ տնտեսվարող սուբյեկտների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը իրավական պետության կարևոր բաղադրիչներից է, և քրեական վարույթի շրջանակներում իրականացվող ցանկացած գործընթաց պետք է ուղեկցվի մարդու իրավունքների և ազատությունների պատշաճ երաշխիքների պահպանմամբ։

 

«Քրեական վարույթի շրջանակներում պետության լիազորությունների իրականացումը, այդ թվում՝ տնտեսվարող սուբյեկտների գործունեությանն առնչվող սահմանափակումների կիրառումը, պետք է համապատասխանի իրավաչափության, անհրաժեշտության ու համաչափության սկզբունքներին։ Կարևոր է, որպեսզի քրեական վարույթի նպատակների իրացման ընթացքում պատշաճ հավասարակշռություն ապահովվի հանրային շահի և անձանց, այդ թվում՝ տնտեսվարող սուբյեկտների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության միջև։ Իրավունքների պաշտպանության երաշխիքները պետք է լինեն ոչ միայն օրենսդրորեն ամրագրված, այլև գործնականում արդյունավետորեն կիրառելի»,– ընդգծել է Անահիտ Մանասյանը։

 

Պաշտպանը կարևորել է, որ ՄԻՊ հաստատության կողմից բարձրացված՝ ոլորտին վերաբերելի մի շարք հարցեր պատասխանատու գերատեսչությունների կողմից լուծում են ստանում, մինչդեռ կան խնդիրներ, որոնք համակարգային լուծում են պահանջում։

 

Նիստին անդրադարձ է կատարվել քրեական վարույթի շրջանակներում տնտեսվարող սուբյեկտների իրավունքների սահմանափակման իրավաչափության ապահովմանն առնչվող գործնական խնդիրներին։

 

Հարցի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էլլադա Հակոբյանը։ Քննարկմանը մասնակցել և իրենց դիտարկումներն են ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները։

 

Խորհրդի անդամները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց դիտարկումները, բարձրաձայնելու ոլորտում արձանագրվող խնդիրները և կարծիքներ փոխանակելու դրանց լուծման հնարավոր ուղիների շուրջ։

 

Նիստի հաջորդ հատվածում քննարկվել են գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանությանն առնչվող օրենսդրական և գործնական այլ խնդիրներ։

 

Ամփոփելով քննարկումը՝ կարևորվել է բարձրացված հարցերի շարունակական ուսումնասիրության, իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրների վերհանման և դրանց լուծմանն ուղղված համագործակցության զարգացումը»։

Leave a comment