Նույնիսկ եթե առավոտյան գերազանց ախորժակ ունեք, չի կարելի դատարկ ստամոքսին ուտել ցանկացած մթերք։ Գաստրոէնտերոլոգները նշում են, որ առողջ նախաճաշը պետք է բաղկացած լինի բարդ ածխաջրերից, սպիտակուցներից և բջջանյութից, իսկ որոշ սովորական ու առաջին հայացքից օգտակար մթերքներ քաղցած ստամոքսին կարող են գրգռել լորձաթաղանթն ու առաջացնել տհաճ զգացողություններ։
Ահա 7 մթերք, որոնք մասնագետները խորհուրդ չեն տալիս ուտել դատարկ ստամոքսին․
Հում բանջարեղեն․ Չնայած հում բանջարեղենը հարուստ է վիտամիններով ու հանքանյութերով, դրանք պարունակում են կոշտ բջջանյութ և օրգանական թթուներ, որոնք դժվար են մարսվում դատարկ ստամոքսում։ Առավոտյան հում բանջարեղեն ուտելը հաճախ առաջացնում է փորափքանք, գազագոյացում և ծանրության զգացողություն։
Յոգուրտ․ Առաջին հայացքից իդեալական նախաճաշ թվացող յոգուրտը դատարկ ստամոքսին կորցնում է իր օգտակարության զգալի մասը։ Ագրեսիվ ստամոքսահյութը ոչնչացնում է օգտակար կաթնաթթվային բակտերիաները՝ նախքան դրանք կհասնեն աղիներ։ Յոգուրտն ավելի ճիշտ է ուտել հիմնական նախաճաշից հետո կամ որպես միջուտեստ։
Բանան․ Բանանը հարուստ է գլյուկոզայով, և դատարկ ստամոքսին այն ուտելը հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացման, որին շատ արագ հաջորդում է նույնքան կտրուկ անկում։ Արդյունքում մարդը օրվա ընթացքում անընդհատ քաղցի ու քաղցր ուտելու ցանկություն է ունենում։
Նարնջի թարմ հյութ․ Ցիտրուսային մրգերի թթուն դատարկ ստամոքսին գրգռում է լորձաթաղանթը և կարող է առաջացնել այրոց ու գաստրիտի սրացում։ Բացառություն կարող է լինել միայն ջրով լավ բացված կիտրոնաջուրը, որտեղ թթվի խտությունը շատ ցածր է։
Խմորիչով թխվածքներ․ Առավոտյան թարմ բուլկիները, կարկանդակները կամ կեքսերը շատ գայթակղիչ են, սակայն խմորիչը դատարկ ստամոքսում նպաստում է գազերի առաջացմանը և կարող է առաջացնել որովայնի ցավեր ու փքվածություն։
Գազավորված ըմպելիքներ․ Գազավորված քաղցր ըմպելիքներն առհասարակ օգտակար չեն, իսկ քաղցած ստամոքսին դրանք գրգռում են ստամոքսի պատերը, դանդաղեցնում տեղային արյան շրջանառությունը, կտրուկ բարձրացնում շաքարի մակարդակը և խանգարում նորմալ մարսողությանը։
Քաղցրավենիք և շոկոլադ․ Օրը շոկոլադով կամ կոնֆետներով սկսելը լուրջ ծանրաբեռնվածություն է ենթաստամոքսային գեղձի համար, որը դատարկ ստամոքսին ստիպված է լինում արտադրել մեծ քանակությամբ ինսուլին՝ շաքարի կտրուկ աճը չեզոքացնելու համար։ Շոկոլադն ավելի լավ է պահել օրվա երկրորդ կեսի համար՝ որպես էներգիայի աղբյուր։