2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 29-ն Ուկրաինայի պատերազմում զոհվել է Ռուսաստանի բանակի շարքերում կռված Ադրբեջանի 408 քաղաքացի։ Այս մասին նշվում է NEST Centre-ի հետազոտության մեջ, որը հիմնված է Ռուսաստանի Դաշնային պետական վիճակագրական ծառայության (Ռոսստատ) տվյալների արտահոսքի վրա, գրում է ադրբեջանական անկախ Meydan TV-ն։
Հետազոտության համաձայն՝ այդ ժամանակահատվածում արձանագրվել է Ռուսաստանի կողմից կռված 6,947 օտարերկրյա քաղաքացու մահ։ Նրանց թվում է Ադրբեջանի 408 քաղաքացի։
Զոհված օտարերկրացիների ամենամեծ թիվը Կենտրոնական Ասիայի երկրներից է։ Ցանկում նշված են Ղազախստանի 1 375, Ուզբեկստանի 1 301, Տաջիկստանի 831, Բելառուսի 719 և Ղրղզստանի 415 քաղաքացիներ։
NEST Centre-ի գնահատմամբ՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկզբից մինչև 2026 թվականի սեպտեմբերը Ռուսաստանի կողմից պատերազմին մասնակցածների շրջանում զոհերի թիվը կազմել է շուրջ 530 հազար մարդ։ Կիրառված մեթոդաբանությունից կախված՝ գնահատականը տատանվում է 521 հազարից մինչև 537 հազար։
Հետազոտության հեղինակների նշմամբ՝ այս գնահատականը ներառում է շուրջ 8 հազար օտարերկրյա քաղաքացու։ Հետազոտողները շեշտում են, որ ներկայացված թվերը զոհերի վերջնական թիվը չեն արտացոլում, քանի որ պատերազմի որոշ մասնակիցների մահվան դեպքերը դեռևս կարող էին չներառված լինել համապատասխան գրանցամատյաններում։
Հետազոտության մեջ նկարագրվում են նաև օտարերկրացիներին ռուսական բանակ հավաքագրելու եղանակները։ Ըստ NEST Centre-ի տվյալների՝ միգրանտներին խոստացել են քաղաքացիական աշխատանք Ռուսաստանում, օգնություն փաստաթղթերի ձևակերպման հարցում և ազատում կալանավայրերից։ Առանձին դեպքերում նրանց հարկադրել են ստորագրել զինվորական պայմանագրեր, այդ թվում՝ ֆիզիկական բռնություն կիրառելով, որից հետո ուղարկել են ռազմաճակատ։
Կենտրոնի հաշվարկներով՝ ամենամեծ կորուստները գրանցվել են 2025 թվականի գարնանը։ Մայիսին զոհերի թիվը գերազանցել է 19 հազարը։ Հետազոտության հեղինակների գնահատմամբ՝ ուսումնասիրված ժամանակահատվածի ամենամահաբեր օրը եղել է 2025 թվականի մայիսի 6-ը․ այդ օրը զոհվել է 808 մարդ։