«Վերջին ամիսներին հայկական ծաղիկները, մրգերն ու բանջարեղենն արդեն հասել են ռումինական շուկա։ Մեր նպատակն է նպաստել, որ այդ մատակարարումները դառնան կանոնավոր, իսկ ռումինական ընկերություններն ընդլայնեն իրենց առևտրային և ներդրումային գործունեությունը Հայաստանում։ Դրա համար կարևորում ենք գործարարների և առևտրային կառույցների ուղիղ կապերը, ինչպես նաև համագործակցությունը սննդի անվտանգության ստանդարտների և սերտիֆիկացման ոլորտներում։
Ներդրումային ծրագրերի ներուժ ենք տեսնում սննդի վերամշակման, պահեստավորման և սառը շղթայի լոգիստիկայի ոլորտներում։
Առաջնահերթ ենք համարում Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվացումը և հաջորդ նիստի անցկացումը։ Այդ հարթակը կարող է օգնել առանձնացնել համատեղ ծրագրերը և դրանց շուրջ անմիջական կապեր հաստատել երկու երկրների ընկերությունների միջև։ Այդ նպատակին կարող են ծառայել նաև գործարար համաժողովները և ոլորտային համատեղ այցելությունները։
Համատեղ ներդրումների և տեխնոլոգիական համագործակցության հեռանկարներ ենք տեսնում նաև վերականգնվող էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և դեղագործության ոլորտներում։
Քննարկել ենք նաև տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացման հնարավորությունները։ Ռումինիայի սևծովյան նավահանգիստները և դրանց կապը եվրոպական տրանսպորտային ցանցերի հետ կարող են ընդլայնել հայկական բեռների՝ եվրոպական շուկաներ հասնելու ուղիները։ Այս առումով ներկայացրել եմ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և TRIPP նախագիծը։
Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել մեր տարածաշրջանի և Եվրոպայի միջև առևտրի համար»,– ասաց նա։