«Նիկոլ Փաշինյանն էլ ասում էր՝ հրաժարական կտամ, կգնանք արտահերթ ընտրությունների։ Թող տա՛, ինչի՞ն է սպասում, թող վաղն էլ տա հրաժարական, թող տա, կտեսնենք մնացածը»,- դատարանի մոտ, «հակասահմանադրական» ճանաչված գործով նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝ եթե ընդդիմությունը հրաժարվում է սահմանադրական հանրաքվեի համար ապահովել 6 ձայնը, որն անհրաժեշտ է իշխանությանը, ապա Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ ընտրությունների կգնա․ պատրա՞ստ է ընդդիմությունն արտահերթ ընտրություններին։
Լրագրողի դիտարկմանը՝ հաշվի առնելով նախորդ ընտրությունների փորձը, երբ «Բարգավաճ Հայաստանի» մանդատը յուրացրեց, չե՞ք կարծում, որ այս անգամ պատկերը գուցե ավելի վատթար լինի, Սևակ Խաչատրյանը պատասխանեց․
«Իհարկե, ոչ թե կարծում ենք, այլ համոզված ենք, որ Նիկոլ Փաշինյանն էլ ավելի նոր ռեպրեսիաներ, էլ ավելի մեծ ճնշումներ է անելու՝ իր համար ցանկալի արդյունքի հասնելու համար։ Ճիշտ է, հունիսի 7-ի ընտրություններից հետո, որքան էլ փորձեցին, վերջում Կենտրոնական ընտրական հանձնաժողովով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մանդատները խլեցին, էլի իրենց ցանկալի սահմանադրական մեծամասնությունը՝ Ազգային ժողովի երկու երրորդը, չունեցան։ Այս անգամ լինելու է ընդդիմադիր բոլոր առաջնորդներին կալանավորված վիճակով։ Երևի սա Նիկոլ Փաշինյանը նույնպես հաշվի է առել։ Սա բոլորս շատ լավ հասկանում ենք, որ, օրինակ, նախագահ Քոչարյանի ազատ լինելը ընտրական գործընթացում այլ ընթացք է ապահովելու ընտրություններին, քարոզարշավին, իսկ կալանավորված՝ ԱԱԾ մեկուսարանում լինելը՝ այլ։ Մնացած քաղբանտարկյալների, մնացած ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների կալանավորված լինելը նույնպես դա է լինելու։ Այդ մտահոգությունը, բնականաբար, ունենք, գնդակը Նիկոլ Փաշինյանի դաշտում է, ինքը պետք է որոշի՝ երբ է հրաժարական տալու»։
Սևակ Խաչատրյանն ընդդիմության առաջիկա ծրագրերի մասին մանրամասներ չհաղորդեց, նաև այն պատճառով, որ շատ քայլերի ընդդիմության կողմից հենց իրավիճակային լուծումներ են տրվելու։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: