Բուխարեստի Կոտրոչենի նախագահական նստավայրում Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հյուրընկալեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր։
Ռումինիայի նախագահն ընդգծեց, որ հռչակագրի ստորագրումը վկայում է երկկողմ հարաբերությունները խորացնելու և առավել հավակնոտ նպատակներ սահմանելու պատրաստակամության մասին։
«Այսօր մենք համատեղ ստորագրեցինք ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր, որը նշանակում է, որ մենք է՛լ ավելի հավակնոտ ենք մեր հետագա հարաբերությունների հարցում: Հայաստանը հատուկ դեր ունի այն երկրների շրջանում, որոնց հետ Ռումինիան ռազմավարական գործընկերության համաձայնագրեր է ստորագրել, հատկապես հաշվի առնելով Ռումինիայում հայկական համայնքի դերը»,- ասաց Նիկուշոր Դանը։
Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը՝ Դանը նշեց, որ երկու երկրների միջև առկա են փոխգործակցության լայն հնարավորություններ, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։
Նա նաև ընդգծեց, որ Ռումինիան հետևողականորեն աջակցում է Հայաստան-ԵՄ երկխոսությանը, վիզաների ազատականացման գործընթացին, անվտանգային և ինստիտուցիոնալ դիմակայունության ամրապնդմանը, ինստիտուցիոնալ բարեփոխումներին և էներգետիկ ենթակառուցվածքների ամրապնդմանը։
Ռումինիայի նախագահը հիշեցրեց նաև, որ իր երկիրը ներկայացված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կազմում։
Նիկուշոր Դանն անդրադարձավ նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին և տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը՝ ընդգծելով, որ այդ գործընթացները բխում են նաև Ռումինիայի անվտանգային շահերից։
«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հանձնառությունը՝ մի կողմից ապահովելով անվտանգություն և կայունություն Հարավային Կովկասում, մյուս կողմից՝ առաջ մղելով տարածաշրջանային փոխկապակցվածությունը, որը նաև բխում է Ռումինիայի անվտանգային շահերից: Մեզ համար շատ կարևոր է պատշաճ հարաբերություններ զարգացնել Կովկասի տարածաշրջանի հետ՝ հանուն երկու տարածաշրջանների քաղաքացիների բարեկեցության»,- ասաց Ռումինիայի նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան