Մոլդովան սկսել է նախապատրաստվել՝ միանալու Ռուսաստանի և Բելառուսի դեմ ԵՄ ոլորտային պատժամիջոցներին

Մոլդովան մինչև 2027 թվականի հունվարի վերջ կմշակի ճանապարհային քարտեզ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ  ԵՄ ոլորտային պատժամիջոցներին միանալու նախապատրաստման նպատակով։ Նման որոշում է կայացրել վարչապետ Վասիլե Տոֆանի նախագահությամբ գործող միջգերատեսչական վերահսկիչ խորհուրդը։ Այս մասին հաղորդում է Մոլդովայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է Current time-ը։

Փաստաթուղթը պետք է ապահովի իրավական և նորմատիվային բազայի, ինչպես նաև անհրաժեշտ մեխանիզմների նախապատրաստումը՝ ԵՄ պատժամիջոցների երկու առավել բարդ ռեժիմներին միանալու վերաբերյալ ապագա որոշման իրագործման համար։ Խոսքը Ռուսաստանի դեմ ոլորտային պատժամիջոցների և Բելառուսի դեմ ոլորտային ու անհատական սահմանափակումների մասին է։

Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյը ավելի վաղ հայտարարել էր, որ Քիշնևն այժմ կիրառում է եվրոպական սահմանափակող միջոցների 91 տոկոսը, սակայն դեռևս չեն կիրառվում ոլորտային պատժամիջոցները, որոնց ուղղությամբ կառավարությունն աշխատում է։

Նրա խոսքով՝ մնացած ոլորտային սահմանափակումների կիրառումը կարող է տնտեսական հետևանքներ ունենալ, հատկապես այն ձեռնարկությունների համար, որոնք շարունակում են համագործակցել Բելառուսի և Ռուսաստանի հետ։ Այդ պատճառով իշխանությունները քննարկում են քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին փոխհատուցում տրամադրելու հնարավորությունը։

«Տեխնիկական տեսանկյունից խոչընդոտներ չկան։ Մեզ անհրաժեշտ է ապահովել անհրաժեշտ աջակցությունը, որպեսզի մեր քաղաքացիներն ու տնտեսվարող սուբյեկտները չտուժեն այդ որոշումների հետևանքով»,- ասել է Մոլդովայի արտաքին գործերի նախարարը։

Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական դիմումը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ստորագրել է 2022 թվականի մարտին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո։

Ներկայում Մոլդովան առաջ է անցել ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած մյուս երկրներից։ Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ իշխանություններին հաջողվել է նման արդյունքների հասնել «բարեփոխումների ուղղությամբ իրականացված հսկայական աշխատանքի շնորհիվ»։ Բրյուսելում կարծում են, որ Մոլդովան կարող է ավարտել ԵՄ-ին անդամակցության բանակցություններն արդեն 2028 թվականի սկզբին։

Leave a comment