Նոր Սահմանադրության նախագծով նախատեսված՝ սահմանադրական կարգի և պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում դատարանի որոշմամբ անձին քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ դրույթը ներառվել է ՆԳ նախարարության առաջարկով, հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:
Նա նշել է, որ ՀՀ քաղաքացիությունից զրկվածները բաց կապույտ անձնագիր կունենան, հայտնում է Factor.am-ը:
Նախարարի պարզաբանմամբ՝ տարբեր պետություններում քաղաքացիությունից զրկելու մեխանիզմը կիրառվում է հանրային վտանգավորության նման աստիճան ունեցող հանցագործությունների դեպքում։ Նման իրավիճակներում պետությունները քննարկում են տվյալ անձի հետ իրավական կապը պահպանելու, նրան քաղաքացուն վերապահված իրավունքներ տրամադրելու և համապատասխան պարտականություններ սահմանելու նպատակահարմարությունը։
Սարգսյանն ընդգծել է, որ նախաձեռնությունն առայժմ գաղափարական բնույթ ունի և ուղղված չէ որևէ կոնկրետ անձի կամ այլ պետության քաղաքացու դեմ։
Անդրադառնալով կարգավորումը սահմանադրական մակարդակում ամրագրելու անհրաժեշտությանը՝ նախարարը բացատրել է, որ գործող Սահմանադրությամբ քաղաքացիությունից զրկելու հնարավորություն նախատեսված չէ։ Հետևաբար, «Քաղաքացիության մասին» օրենքում համապատասխան փոփոխություն կատարելը կհակասեր Սահմանադրությանը։
Նրա խոսքով՝ միայն սահմանադրական համապատասխան դրույթի ամրագրումից հետո հնարավոր կլինի օրենսդրությամբ հստակեցնել քաղաքացիությունից զրկելու ընթացակարգերը։
Արփինե Սարգսյանն առանձնացրել է առաջարկվող կարգավորման երկու ուղղություն՝ դրա կիրառումը երկքաղաքացիների և բացառապես ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ։
Միաժամանակ ՆԳ նախարարն ընդգծել է, որ հետագա քննարկումների ընթացքում հաշվի կառնվեն ինչպես միջազգային փորձը, այնպես էլ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները՝ համաշխարհային մակարդակով քաղաքացիություն չունեցող անձանց առկայությունը բացառելու ուղղությամբ։
Լրագրողները հետաքրքրվել են նաև, թե քաղաքացիությունից զրկվելու պարագայում ինչ փաստաթուղթ կունենան այդ անձինք և ինչպես կկարողանան օգտվել հանրային ծառայություններից, այդ թվում՝ առողջապահական։
Ի պատասխան՝ նախարարն ընդգծել է, որ Հայաստանում ներկայում ևս բնակվում են քաղաքացիություն չունեցող կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձինք, որոնք հանրային ծառայություններից լիարժեք օգտվելու հնարավորություն ունեն։
«Զրկվածի դեպքում, եթե գործ ունենք այնպիսի իրավիճակի հետ, որ, օրինակ, անձը չունի որևէ երկրի քաղաքացիություն, չի ստացել կամ զրկվել է այլ երկրի քաղաքացիությունից, մենք ունենք բաց կապույտ երանգի անձնագրեր, որոնք տրվում են հենց այդպիսի անձանց։ Դրանք միջազգային ընդհանուր կոնվենցիոն փաստաթղթեր են, հաստատված են միջազգային պարտավորություններով, և որևէ խնդիր չկա այս տեսանկյունից»,- ասել է Արփինե Սարգսյանը։
Հրապարակվել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, որտեղ բացակայում է հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին։ Այն հանրաքվեի դնելու համար պակասում է 6 ձայն: Հանրությանն ուղղված ուղերձում վարչապետը վերահաստատել է առաջարկը, որի համաձայն՝ հանրաքվեի արդյունքից է կախված լինելու նաև իր քաղաքական ապագան։ Եթե քաղաքացիները մերժեն նոր Սահմանադրությունը, նա խոստանում է անհապաղ հրաժարական տալ, իսկ «այո»-ի դեպքում՝ հաջորդ հերթական կամ արտահերթ ընտրություններին չառաջադրվել վարչապետի պաշտոնում։