Պենտագոնը ձգձգում է Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների մատակարարումները․ FT

Քաղաքականություն

24.11.2026 | 16:02

Ուկրաինան մինչ օրս չի կարողանում ստանալ Patriot ՀՕՊ համակարգերի համար նախատեսված շուրջ 60 զենիթային հրթիռ-որսիչները, որոնց մատակարարումն արդեն համաձայնեցվել էր։ Ըստ Financial Times-ի՝ մատակարարումները, այդ թվում՝ եվրոպական զինանոցներից, սպասում են Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հավանությանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

PAC-3 առաջին ութ հրթիռների մատակարարումը նախատեսված էր սեպտեմբերին, ևս 10-ը Ուկրաինան պետք է ստանար հոկտեմբերին և նոյեմբերին, իսկ 12-ը՝ դեկտեմբերին։ Պաշտոնյաների և իրավիճակին ծանոթ աղբյուրի խոսքով՝ մատակարարումների չորս խմբաքանակներից ոչ մեկը դեռևս առաքման թույլտվություն չի ստացել։

Պարբերականի զրուցակիցների հաղորդմամբ՝ մատակարարումները կասեցվել են ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի կողմից։

Patriot համակարգերի հրթիռներն արտադրվում են ԱՄՆ-ում, ուստի դրանց արտահանման և վերաարտահանման համար անհրաժեշտ է Վաշինգտոնի թույլտվությունը, նույնիսկ եթե խոսքը եվրոպական  պաշարների մասին է։ Ուկրաինային հատկացվել է նաև ավելի հին մոդելի՝ PAC-2 շուրջ 20 հրթիռ-որսիչ, սակայն դրանց մատակարարման համար ևս Պենտագոնի թույլտվությունը դեռ չի ստացվել։

Patriot համակարգերն Ուկրաինայի տրամադրության տակ գտնվող այն եզակի սպառազինություններից են, որոնք ունակ են որսալ ռուսական բալիստիկ հրթիռները։

Նախորդ երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանը նոր հարվածներ է նախապատրաստում։ Նրա խոսքով՝ այդ պատճառով անհրաժեշտ է «հաղթահարել ԱՄՆ-ից PAC-2 և PAC-3 որսիչ հրթիռների մատակարարումների ձգձգումը» և արագացնել արևմտյան գործընկերների կողմից ՀՕՊ համակարգերի մատակարարումները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment