Արփինե Սարգսյանի պարզաբանումը՝ ՀՀ սահմանի որոշ հատվածներից ռուսական զորքերը դուրս բերելու հարցի առիթով

«Ամենակարևոր ուղղությունը, որն իմ առաջնահերթությունների մեջ է, սահմանների համալիր կառավարման թեման է։ Տարբեր շերտեր են գործընթացները բացում տարբեր քննարկումների ժամանակ։ Դաշտը մեծ է աշխատանքի, սրանով պայմանավորված եմ նշում, որ մենք մեծ աշխատանք ունենք տանելու»,- հարցին՝ ե՞րբ են ռուսական զորքերը դուրս բերվելու ՀՀ սահմանի այն հատվածներից, որտեղ դեռ շարունակում են ծառայություն իրականացնել, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նաև հայտնեց, որ վիզաների ազատականացման հարցում իր տրամադրվածությունն այն է, որ առաջին փուլը հաջորդ տարվա կեսին պետք է ավարտենք, և մնա միայն իրագործման փուլը։

Նա վստահեցրեց՝ սա ՀՀ ընդհանուր քաղաքականությունն է․ «Մինչ այս պահը բոլոր սահմանային անցակետերում այդ գործընթացը տեղի է ունեցել, և հետևողականորեն գնալու ենք առաջ։ Կառավարության ծրագրում էլ է նախատեսված, որ փուլային սկզբունքով ամբողջովին պետք է ՀՀ-ն ունենա իր ներկայությունը սահմաններին։ Ժամկետներ այս պահին նշել չեմ կարող։ Բազմաթիվ տեխնիկական հարցեր կան»։

Փաստմանը՝ եթե վիզաների ազատականացման համար մոտավոր մինչև 2029-ն է նշվում ժամկետ և հարցին՝ դա նշանակո՞ւմ է, որ սահմանների հարցն էլ մինչ այդ պետք է կարգավորվի, ՆԳ նախարարը պատասխանեց․ «Մենք անելու ենք առավելագույնը, որ հնարավորինս շուտ կարողանանք թե′ կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումներն ապահովել, թե′ գործողությունների ծրագրով՝ չսպասելով կառավարության ծրագրի ժամկետի ավարտին»։

Արփինե Սարգսյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment