Հասարակություն
24.11.2026 | 14:54
Արմավիրի նախկին քաղաքապետի և նրա տեղակալի կողմից 2006-2009 թվականներին առանց ավագանու որոշման 18 հողատարածք օտարելու գործով Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության ներկայացրած ևս մեկ հայց։ Նոյեմբերի 16-ի վճռով անվավեր է ճանաչվել Բաղրամյան փողոցի 15/6 հասցեում գտնվող հողամասի՝ 2009 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հողամասը կվերադարձվի Արմավիր համայնքին։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 24-ին, դատարանը բավարարել էր նաև նույն գործով ներկայացված մեկ այլ հայց՝ Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող 50 քմ հողամասի վերաբերյալ։
Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․
Արմավիրի քաղաքապետը և նրա տեղակալը՝ առանց համայնքի ավագանու կողմից համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օտարելու մասին որոշում կայացնելու, 2006-2009 թվականների ընթացքում Արմավիր քաղաքին սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր 9790 քմ մակերեսով տարածքներից 18 հողատարածք օտարել են տարբեր անձանց:
2025 թվականի մարտի 20-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, 18 հողատարածքների վերաբերյալ հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան:
Վերոնշյալ հայցերից մեկը, որը վերաբերում է Բաղրամյան փողոցի 15/6 հասցեի անշարժ գույքի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջին, Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի նոյեմբերի 16-ի վճռով՝ բավարարվել է. անվավեր է ճանաչվել Արմավիր համայնքի և ֆիզիկական անձի միջև 2009 թվականի դեկտեմբերի 16-ին կնքված հողամասի առուվաճառքի մասին պայմանագիրը և պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/6 հասցեում գտնվող հողամասը:
Դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 25-ին տեղեկացրել էր, որ վերոնշյալ 18 հայցերից ևս մեկը՝ Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող` 50 քմ մակերեսով հողամասի վերաբերյալ, Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 24-ի վճռով բավարարվել էր: