Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և քաղաքացու ընտրական իրավունքը խոչընդոտելու մեջ

Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու մեջ։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ 2012-2021 թվականներին պաշտոնավարած համայնքապետն իր տեղակալի հետ նախնական համաձայնությամբ քաղաքացուց կաշառք է պահանջել և ստացել՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ նրա սեփականության իրավունքն ապօրինի ճանաչելու գործընթացի համար։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նախկին համայնքապետը հոգեբանական ճնշում է գործադրել նույն քաղաքացու նկատմամբ՝ խոչընդոտելով 2026 թվականի հունիսի 7-ի ԱԺ ընտրություններում նրա ընտրական իրավունքի ազատ արտահայտմանը։ Մեղադրանք է ներկայացվել նաև համայնքապետի նախկին տեղակալին։ Նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2012-2021 թվականների ընթացքում Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, քաղաքացու օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, նրանից ստացել է խոշոր չափերի կաշառք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարը, իր տեղակալի հետ նախնական համաձայնությամբ, նույն համայնքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքը ճանաչելու ապօրինի գործընթացն իրականացնելու համար որպես կաշառք պահանջել և ստացել է խոշոր չափերի՝ 3 մլն ՀՀ դրամ:

Բացի այդ, հիշյալ պաշտոնատար անձը նույն քաղաքացուն համոզելու և հոգեբանական ճնշում գործադրելու եղանակով խոչընդոտել է վերջինիս ընտրական իրավունքի ազատ արտահայտմանը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններում:

Պարզվել է նաև, որ համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքը և ծառայողական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իր տեղակալի միջոցով կազմակերպել է համայնքի բնակիչների կողմից փաստացի օգտագործվող հողատարածքները համապատասխան հիմքերի բացակայության պայմաններում նրանց օտարելու գործընթացը:
Նախաքննության ընթացքում Բյուրական համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Մեղադրանք է ներկայացվել նաև համայնքի ղեկավարի նախկին տեղակալին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Leave a comment