Իրանում հայտնի երգչուհուն պшտժել են առանց հիջաբի ելույթ ունենալու համար

Իրանում հայտնի երգչուհուն պшտժել են առանց հիջաբի ելույթ ունենալու համար

Իրանի իշխանությունները մտրակի հարվածների են ենթարկել հայտնի երգչուհի Պարաստու Ահմադիին, ինչպես նաև նրա երաժշտական խմբի և նկարահանող անձնակազմի չորս անդամների. նրանցից յուրաքանչյուրը ստացել է մտրակի 74-ական հարված։ Պատժի պատճառ է դարձել Ահմադիի ելույթն առանց հիջաբի։

Փաստաբանների հաղորդմամբ՝ պատժի իրականացումը տեղի է ունեցել Ղոմ քաղաքում, որտեղ 2024 թվականին կայացել էր համերգը, որը ուղիղ եթերով հեռարձակվել էր երգչուհու YouTube-յան ալիքում և գրավել իշխանությունների ուշադրությունը։

Այն ժամանակ 29-ամյա Ահմադին ելույթ էր ունեցել բաց ուսերով զգեստով և առանց գլխաշորի։ Իրանական օրենքներն արգելում են կանանց հրապարակային երգել և պարտավորեցնում են նրանց կրել հիջաբ ու փակ հագուստ։

Այս տարվա հունիսին Ղոմի քրեական դատարանը Ահմադիին և ևս ութ հոգու մեղավոր էր ճանաչել «անպարկեշտ և անվայել նյութեր» հրապարակելու միջոցով «հասարակական բարոյականությունը վիրավորելու» մեջ։ Ամբաստանյալները հերքել էին մեղադրանքները։

Մտրակահարումը հրապարակային չի եղել։ Ինչպես Բի-Բի-Սի-ին հայտնել է դատապարտյալների փաստաբաններից մեկը, այն տեղի է ունեցել Ղոմի քրեական պատիժների կատարման վարչության երրորդ բաժանմունքում։ Մտրակի 74 հարվածից բացի, դատապարտյալներին երկու տարով արգելվել է տեսա և ձայնանյութեր ձայնագրել, ինչպես նաև մեկնել երկրից։

Սեպտեմբերի վերջին Ղոմի վերաքննիչ դատարանը մերժել է ամբաստանյալների բողոքները և ուժի մեջ թողել դատավճիռը, հայտնել են նրանց փաստաբանները։ Դատավճիռը դատապարտման ալիք է բարձրացրել իրանցի արվեստագետների և իրավապաշտպանների շրջանում։ Նրանք ընդգծել են, որ մտրակահարումը դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող պատիժ է, որը խախտում է խոշտանգումների միջազգային արգելքը։

«Մենք արեցինք հնարավոր ամեն ինչ՝ դատավճռի չեղարկման կամ գոնե պատժի մեղմացման, կամ դրա կատարման հետաձգման հասնելու համար, բայց ոչինչ չստացվեց», ասել է փաստաբաններից մեկը։ 

Leave a comment