Գալյան․ Նախատեսել ենք կուսակցության արգելման նոր հիմք՝ օտարերկրյա ֆինանսավորումը

ՀՀ նոր Սահմանադրության նախագծում նոր դրույթ կա, որը թույլ կտա սահմանակել այն կուսակցությունների գործունեությունը, որոնք անկախությունից հրաժարվելու քարոզչություն են իրականացնում, հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Հանրային հեռուստաընկերության եթերում:

«Այսօր գործող օրենսդրությամբ դա կա, բայց մենք որոշել ենք դա բերել սահմանադրական մակարդակ, որպեսզի հետո որևէ իշխանություն իր որոշմամբ հետքայլ չանի այս սկզբունքից։ Եվ նախատեսել ենք կուսակցության գործունեության արգելման նոր հիմք, որը օտարերկրյա ֆինանսավորումն է, և նաև անկախությունից հրաժարվելու քարոզ իրականացնելն է»,- ասել է Գալյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նոր Սահմանադրության նախագծի 24-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել Սահմանադրական դատարանի որոշմամբ։

Մասնավորապես, Սահմանադրական դատարանը կարող է արգելել այն կուսակցությունների գործունեությունը, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում, պետական անկախությունից հրաժարում, ազգային կամ կրոնական ատելություն, ինչպես նաև սահմանադրական կարգը տապալելու նպատակով բռնություն են կիրառում։ Արգելման հիմք կարող են հանդիսանալ նաև ընտրողների ազատ կամարտահայտման խաթարմանն ուղղված գործունեությունն ու օտարերկրյա աղբյուրներից ֆինանսավորում ստանալը։

Սահմանադրության նոր նախագծում նախատեսվել են նաև Հայաստանի սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակումներ։ Ըստ առաջարկվող կարգավորման՝ ընտրելու իրավունք կունենան 18 տարին լրացած այն քաղաքացիները, որոնք ընտրությանը կամ հանրաքվեին նախորդող երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի մշտապես բնակվել են Հայաստանում։

ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է նոյեմբերի 23-ի առավոտյան։ Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է ժողովրդին՝ հայտարարելով, որ նոր Սահմանադրությամբ կառուցվում է պետականության նոր մոդել՝ չորրորդ հանրապետությունը։

Leave a comment