Նոյեմբերի 24-ը կապիտան Ռուբեն Պրազյանի ծննդյան օրն է։ Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի վաշտի հրամանատարը կդառնար 33 տարեկան։ Նա մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին, խաղաղապահ առաքելություններ իրականացրել Աֆղանստանում ու Սիրիայում։ Զոհվել 44-օրյա պատերազմի ժամանակ՝ Հադրութի ուղղությամբ մղվող մարտերում։
Ռուբեն Պրազյանը ծնվել է Երևանում։ Դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի ռազմական համալսարան։ Այստեղ նույնպես կուրսանտ Պրազյանը ցուցադրել է բարձր առաջադիմություն՝ արժանանալով ոչ միայն գերազանցության դիպլոմի այլև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի կողմից տրված պատվոգրի։ Համալսարանն ավարտելուց հետո Ռուբեն Պրազյանը 2015 թվականին վերադարձել է Հայաստան և ծառայության անցել խաղաղապահ բրիգադում։ Մեկ տարի անց՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, զինակիցների հետ պաշտպանել է Թալիշը։
Հայկական խաղաղապահ զորախմբի կազմում Պրազյանը ծառայել է նաև Աֆղանստանում և Սիրիայում։ Երկու առաքելություններում էլ նա պատվով է ներկայացրել Հայաստանը։ Ծառայակիցները գնահատում էին նրա մասնագիտական պատրաստվածությունն ու այն պատասխանատվությունը, որով վերաբերվում էր թե՛ առաջադրանքին, թե՛ իր կողքին ծառայող մարդկանց։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Ռուբենն ու նրա եղբայրը՝ լեյտենանտ Տիգրան Պրազյանը, մեկնեցին ռազմաճակատ։ Ռուբենը կռվում էր Հադրութի ուղղությամբ։ Հոկտեմբերի 10-ին կապիտան Պրազյանը զոհվեց մարտում։ Հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։
Մանրամասները՝ տեսանյութում։