Նախընտրական արշավը Հայաստանում աստիճանաբար միս ու արյուն է ստանում, եւ այդ ընթացքում Նիկոլը կատարում է քայլեր, որոնք ակնհայտորեն հակատրամաբանական են։ Թոշակները 10 հազար դրամով բարձրացնելու առաջարկը ծաղրելուց մինչեւ եկեղեցու դեմ արշավանքը միայն իջեցնում են նրա վարկանիշը եւ վանում են պոտենցիալ ընտրողներին։
Առաջին մոտարկմամբ ընդունենք, որ ՔՊ-ն այս փուլում թքած ունի ընտրողների վրա, թեեւ այս ամենն ունի ավելի խորը իմաստ, իսկ Նիկոլը զբաղվում է իր իշխանությունը կրկին զավթելու այլ պրոցեսներով։ Խոսքը վերաբերում է օրումեջ ամերիկաներ ու եվրոպաներ թռնելուն, թրամփների ու կալլասների հետ հանդիպումներին։ ԱՄՆ-ն արդեն լուրջ խոստումներ, ֆինանսական ու տեխնիկական հեռանկարներ է ներկայացրել, անթաքույց հայտարարել է, որ պաշտպանում է Նիկոլին։ Եվրոպան, իր հերթին, բացի Նիկոլին օժանդակելու հայտարարություններից, անգամ կոնկրետ փող է տվել ընդդիմության դեմ հակաքարոզչության համար։
Արտաքին օժանդակությունը, իհարկե, շատ կարեւոր է Նիկոլի համար, սակայն չպետք է մոռանալ, որ հայաստանյան ընտրությունների ժամանակ քվեարկելու են ոչ թե Վաշինգտոնի ու Տալլինի բնակիչները, այլ Հայաստանի քաղաքացիները, որոնց վրա, հիշեցնենք, Նիկոլը թքած ունի։
Ըստ երեույթին, արդեն ՔՊ-ն հասկացել է, որ ընտրությունների ժամանակ քվեներով, անգամ՝ փոքր խախտումներով, շանս չունի շահելու եւ այդ պատճառով էլ պատրաստվում է խոշոր, շատ խոշոր խախտումների։ Ընդդիմությունը կարծես թե արդեն մտմտում է նախընտրական փողոցային շարժման մասին, որը բնականորեն տրանսֆորմացվելու է ետընտրական փողոցի։ Հենց այստեղ է, որ Նիկոլին անհրաժեշտ է Արեւմուտքի աջակցությունը։ Թերեւս նա գնալու խոշոր կեղծիքները վավերացնելու համար փողոցը դաժանորեն ճնշելու ճանապարհով։ Պատահական չէ, որ դարակներից նա կրկին հանեց «Մարտի 1-ի» վաղուց արդեն փոշոտված գործը, ընդդիմությանն ակնարկելով, թե նրան ինչ հեռանկար է սպասվում։
Այստեղ է, որ Նիկոլին անհրաժեշտ է թրամփների ու կալլասների աջակցությունը, որ նրանք ոչ միայն չդատապարտեն պոտենցիալ բռնությունները, այլեւ արդարացնեն իրեն։ Ի վերջո, ո՞վ է Նիկոլը Արեւմուտքի աչքում՝ cool guy (թեեւ անունը երբեմն մոռանում են), ով չի վախենում կարծրատիպերը ջարդելուց՝ սկսած եկեղեցին «բարենորոգելուց» մինչեւ «Արեւմտյանը Ադրբեջանը» հանձնելը, վստահելի գործընկեր, ով պատրաստ է Հայաստանի տարածքն ու սուվերենությունը զիջել ամերիկյան բիզնեսներին (ու նրանց միջոցով թուրքերին, բայց դա արդեն ամերիկացիների ներքին գործն է)։ Այսպիսի հզոր տղային ու հավատարիմ ծառային չի կարելի ձեռքից բաց թողնել այնպիսի մանր-մունր հարցերի խաթր, ինչպես հայ ժողովրդի քվեն է։
Իր հերթին, Նիկոլը նաեւ հաստատուն քայլերով վերձեւակերպում է, վերանվանում է հայ ժողովրդի քվեն այլ տերմինների՝ «հիբրիդային պատերազմ», «կրիմինալ մարիոնետներ», եւ, իվերջո՝ Կրեմլի դրածոներ ու КГБ-ի գործակալներ։ Ու արդեն բնական է, որ Նիկոլի պայքարը, թեկուզեւ բռնությունները, ոչ թե իրեն դիմադրողների քվեն խլելու համար է, այլ «հիբրիդային ագենտների» դեմ է, ովքեր փորձում են խմբագրել Նիկոլի դավաճանության արդյունքները։
Իսկ Ռուսաստա՞նը։ Բնական է, որ այս պասյանսում Ռուսաստանի գործողությունները Հայաստանում ծայրահեղորեն դելիգիտիմանում են, նրա ցանկացած քայլ դիտարկվելու է որպես սեփական շահերի ու սեփական ֆորպոստի պաշտպանությանն ուղղված (իրականում այդպես էլ կա, սակայն Նիկոլին հեռացնելուն ուղղված գործողություններն այս դեպքում այն կարող է համընկնել Հայաստանի շահերի հետ)։ Միաժամանակ, եթե Նիկոլին հաջողվում է ընդդիմությանը ամբողջովին ասոցիացնել Ռուսաստանի հետ, ապա դրանով դելեգիտիմացվում են նաեւ ընդդիմության գործողությունները։
Ի դեպ, անիմաստ են դառնում քաղաքացիների քվեները, քանի որ նրանք գնալու են ընդդիմության, իսկ ընդդիմությունը հայտարարվում է ռուսամոլ, իսկ Ռուսաստանը հայտարարվել է օրենքից դուրս։ Արդյունքում Նիկոլը ստեղծում է փայլուն պաշտպանական սխեմա, որին կնախանձեին շախմատում պաշտպանության հանճարները՝ Տիգրան Պետրոսյանն ու Մագնուս Կարլսենը։
Այնպես, որ Նիկոլը հայաստանցիների տված քվեների վրա թքած ունենալու համար բոլոր հիմքերը ստեղծել է։
Աղասի Ենոքյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: