Արմավիրի մարզի Լենուղի գյուղում (ժողովրդին հայտնի նաև որպես 6-րդ սովխոզ կամ ՄԱՊ-ի գյուղ) գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում: Այդ մասին ասվում է Հայկական խոզաբույծների միության հայտարարության մեջ:
Նշվում է, որ անկումները շարունակվում են:
«Հարգելի՛ գործընկերներ, խոզաբույծներ, գյուղացիներ և ոլորտի պատասխանատուներ, քՔիչ առաջ ստացել եմ խիստ մտահոգիչ տեղեկություն. Արմավիրի մարզի Լենուղի գյուղում (ժողովրդին հայտնի նաև որպես 6-րդ սովխոզ կամ ՄԱՊ-ի գյուղ) գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում, և, ինձ հասած տեղեկություններով, անկումները շարունակվում են։
Արդեն երեք օր է, ինչ պետական մարմինների ներկայացուցիչներն այցելել են համայնք, վերցրել են անհրաժեշտ նմուշները՝ լաբորատոր փորձաքննության համար, սակայն մինչ այս պահը որևէ պաշտոնական պատասխան և հստակ ուղղորդում չկա։ Այս անորոշությունն ու հապաղումը ուղղակի սպառնալիք են ամբողջ մարզի և հանրապետության խոզաբուծության համար։
Մենք շարունակում ենք ճշտել տեղեկությունները տեղում»,-ասվում է հայտարարության մեջ:
Միությունը նաև հորդորել է, մինչ պատկան մարմինները կհրապարակեն փորձաքննության արդյունքները, բոլոր ֆերմերներին անհապաղ անցնել արտակարգ զգոնության ռեժիմի: