«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է։ Ուսանողների շրջանում դժգոհություն է հասունանում՝ կապված բուհի հնարավոր միավորման ծրագրի հետ։ Մեր տեղեկություններով՝ ուսանողներն արդեն սկսել են ստորագրահավաք՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելով նախաձեռնության վերաբերյալ։ Ստորագրահավաքին, ըստ մեր աղբյուրների, միացել են բազմաթիվ ուսանողներ։
Խոսքը Բրյուսովի անվան պետական համալսարանը Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հետ միավորելու վաղեմի ծրագրի մասին է, որը դեռևս 2022 թվականին մեծ աղմուկ էր բարձրացրել։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերին, երբ հայտնի դարձավ կառավարության նախաձեռնության մասին, Բրյուսովի ուսանողներն ու դասախոսները դուրս եկան պայքարի։ Համալսարանում դասադուլ սկսվեց, կազմակերպվեց ստորագրահավաք։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 2000 ուսանող էր ստորագրել՝ դեմ արտահայտվելով բուհի միավորմանը։ Այն ժամանակվա ռեկտոր Կարինե Հարությունյանը ևս միացել էր ուսանողների պայքարին՝ հայտարարելով, որ Բրյուսովը չպետք է միավորվի որևէ այլ բուհի հետ։
Բողոքի ալիքը շարունակվեց շուրջ տասը օր, և Կառավարությունը ժամանակավորապես հետ կանգնեց նախաձեռնության իրագործումից։ Սակայն, ինչպես ցույց են տալիս հետագա զարգացումները, բուհերի խոշորացման օրակարգը չվերացավ։
Հատկանշական է, որ 2023 թվականին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Դավիթ Գյուրջինյանը, որը 2024 թվականին ընտրվեց ռեկտոր։ Իսկ այժմ, երբ բուհերի միավորման հարցը կրկին օրակարգ է եկել, համալսարանի ղեկավարության դիրքորոշման շուրջ նոր հարցեր են առաջացել։
Նոյեմբերի 21-ին հրապարակված տեղեկությունների համաձայն՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Բրյուսովում քննարկվել է երեք բուհերի միավորման հարցը՝ բրիտանացի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ըստ այդ տեղեկությունների՝ ուսանողները դեմ են արտահայտվել՝ նշելով, որ Բրյուսովի մասնագիտական ուղղվածությունը չի համապատասխանում առաջարկվող կրթական կլաստերին։ Նշվել է նաև, որ միավորման հնարավոր ժամկետներ են դիտարկվում 2027 թվականի հունվար-փետրվար ամիսները։
Ուշագրավ է նաև ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի դիրքորոշման հարցը։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ ուսանողների հետ զրույցներում նա դեմ է արտահայտվել միավորմանը և վստահեցրել, որ իր պաշտոնավարման ընթացքում նման գործընթաց չի իրականացվի։ Սակայն նույն լրատվամիջոցի հետ զրույցում Գյուրջինյանը հայտարարել է, որ կողմ է միավորմանը։
Այսպիսով, հարց է առաջանում՝ ի վերջո ո՞րն է Բրյուսովի ռեկտորի իրական դիրքորոշումը։ Եթե համալսարանի ղեկավարն էլ է դեմ միավորմանը, ապա ինչո՞ւ է հրապարակային դիրքորոշումն այլ։ Իսկ եթե կողմ է, ապա ինչպե՞ս է պատրաստվում բացատրել իր մոտեցումը ուսանողներին, որոնք արդեն պատրաստվում են նոր պայքարի ալիք բարձրացնել»։
«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի քաղաքական մտքի պատմության մեջ վերջապես հայտնագործվել է ինքնիշխանության պաշտպանության բացարձակ բանաձևը, որն իր պարզությամբ ու փայլով կարող է մրցել միայն հավերժական շարժիչի հետ։ Ըստ ընդդիմադիր գործիչների և քննադատական դիրքորոշում ունեցող մի շարք վերլուծաբանների գնահատականների, երկրի ռազմավարական ենթակառուցվածքն օտար ազդեցությունից փրկելու ամենահուսալի ճանապարհն այն նախ հայ գործարարից խլելն է, հետո լարերով հարևան երկրների ցանցերին միացնելը, իսկ ապագայում՝ արդեն տրամաբանական հաջորդ քայլով, մեծ հանդիսավորությամբ որևէ օտարերկրյա օպերատորի հանձնելը։
Այս տրամաբանությունը երկաթբետոնյա է, ինչպես բարձրավոլտ աշտարակի հիմքը. քանի դեռ հոսանքալարը հայկական կապիտալի ձեռքում էր, անկախությունն ամեն վայրկյան կարող էր տատանվել, իսկ երբ վարդակն ամբողջությամբ տեղափոխվի հարևան մայրաքաղաքներ, լույսն այնքան պայծառ կվառվի, որ ինքնիշխանությունն այլևս նույնիսկ մանրադիտակով հարկավոր չի լինի փնտրել։
Այս բազմաքայլ ինժեներական հրաշքը կյանքի կոչելու համար հստակ հաջորդականություն է մշակվել։ Ինչպես նշում են գործընթացը քննադատող մեկնաբանները, առաջին փուլում պետք էր իրավապահ համակարգի ցուցադրական գործողություններով՝ դիմակավորված հատուկջոկատայինների ներգրավմամբ և բացահայտ քաղաքական ենթատեքստով, կալանավորել Սամվել Կարապետյանին, որից հետո արդեն սկսել ՀԷՑ-ի վերահսկողությունը նրա ձեռքից դուրս բերելու և ընկերությունը բռնազավթելու գործընթացը՝ այդ ամենը հանրությանը մատուցելով որպես տնտեսական անհրաժեշտություն։ Դրան հաջորդեց առաջին հրապարակային ազդարարումը՝ Հայաստանի էներգահամակարգը Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերին կապակցելու մտադրության մասին։ Իսկ ի՞նչ է լինելու հետո։ Հետևելով իշխանությունների վարքագծին և Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որով նա չի հերքել ՀԷՑ-ի կառավարումն ապագայում օտարերկրյա օպերատորի փոխանցելու հնարավորությունը, ուրվագծվում է հաջորդ՝ վճռորոշ արարը. երբ միասնական ցանցը կազմավորվի, կառավարումը կպատվիրակվի «միջազգային կամ օտարերկրյա ընկերության», որը, հաշվի առնելով ստեղծվող տարածաշրջանային իրողությունները, շատ հանգիստ կարող է լինել հենց թուրքական կամ ադրբեջանական որևէ օպերատոր։
Այդ ապագայի տեսլականում ամեն ինչ շատ ավելի հարմար ու ժամանակակից է դառնում։ Իսկապես, ինչո՞ւ պետք է Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալիները մնային հայ բարեգործի թիմում, եթե դրանք ապագայում կարելի է շատ ավելի արդյունավետ կերպով հանձնել հարևան երկրներից ժամանած «պրոֆեսիոնալ կառավարիչներին»։ Այդ ժամանակ էլ ի՞նչ կարիք կլինի սահմանին կրակել կամ երկարբարակ դիվանագիտական նոտաներ փոխանակել, երբ հնարավոր կլինի պարզապես մեկ կոճակ սեղմել և Երևանի կենտրոնում բնակարանի լույսը մարել ուղիղ Բաքվի կամ Անկարայի դիսպետչերական կետից։ Դա էլ կկոչվի նոր սերնդի խաղաղության դարաշրջան՝ առանց ավելորդ աղմուկի, զուտ տեխնիկական անջատման եղանակով։
Եվ երբ վաղը՝ հերթական քաղաքական պահանջի պահին, պարզվի, որ ՀԷՑ-ի կառավարումը ստանձնած այդ ապագա օտարերկրյա օպերատորը չափազանց զգայուն է Անկարայի և Բաքվի տրամադրությունների նկատմամբ, պատասխանն արդեն պատրաստ կլինի։ Կասվի, որ ընդամենը կատարվել է հերթական տնտեսական բարեփոխումը, երկիրն ազատվել է ներքին մենաշնորհից և լիարժեք ինտեգրվել է տարածաշրջանային մեծ շուկային։ Իսկ թե ով է պահում գլխավոր «ռուբիլնիկը» և երբ կորոշի հոսանքն անջատել, արդեն մանրուք է, որովհետև իսկական ինքնիշխանությունը, ինչպես հայտնի է, մթության մեջ ավելի լավ է երևում։