«Ալիևն իրեն է ենթարկել Հայաստանի վարչապետին ու պահանջ է դրել, որ իր թրի տակով պետք է անցնի հայ ազգը». Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի ներկայացրած սահմանադրության մասին

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ուղիղ եթերում քննադատել ու մերժել է Նիկոլ Փաշինյանի բերած ալիևյան սահմանադրությունը։

«Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը հանրությանը ներկայացրեց Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ալիևի պահանջած սահմանադրության փոփոխության ծրագիրը։

Իր 17 րոպեանոց ելույթում կառավարության ղեկավարը բազմաթիվ տարբեր ձևերով փորձում էր հիմնավորել, թե ինչու է փոխում սահմանադրությունը։ Բայց հիմնավորումը մեկն էր։ Անգամ նա օգտագործեց մի բան։ Ասաց. «Երբևէ չմտածեք, որ սա արտաքին ճնշմամբ է արվում։ Այս սահմանադրությունը ոչ մեկի համար չէ»։

Եթե ոչ մեկի համար չէ, եթե արտաքին ճնշմամբ չի արվում, ինչո՞ւ Ազգային ժողովում մեզ հետ բանավեճի ժամանակ Փաշինյանն ասաց. «Ես կգնամ, կբանակցեմ, որ սա լինի մեր վերջին զիջումը»։

Եթե սա մեր վերջին զիջումը պետք է լիներ, ո՞ւմ հետ է նա բանակցում։ Ալիևի չէ՞։ Ու դրանով իսկ ապացուցեց, որ նա բանակցում էր Ալիևի հետ, որ սահմանադրությունը լինի վերջին զիջումը։ Ու այսօր նայելով ձեր աչքերին՝ նա սուտ ասաց ձեզ առանց վարանելու։ Ու այդ սուտը հենց նոր ապացուցվեց, որովհետև մեկ մեզ ասում է՝ գնամ, տեսնեմ, որ սա վերջին զիջումն է, մեկ գալիս, ասում է, որ սա իրենց պահանջը չէ։ Եթե իրենց պահանջը չէ, ի՞նչն է վերջին զիջումը։

Ու շատ կարևոր մի ուրիշ բան մեզ համար։ Աշխարհում ՄԱԿ-ի անդամ երկրների մեջ չկան այսպիսի դեպքեր, որ հարևան երկրի քաղաքական ղեկավարի պահանջով, ում հետ մենք ունեցել ենք տասնամյակների կոնֆլիկտ, ով պատասխանատու է հարյուր հազարավոր հայերի տնազուրկ լինելու համար, մեր հետ սկսել է երեք պատերազմ, որ մենք իր ցուցումով փոխենք մեր երկրի ծննդականը։

Մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով։ Որովհետև այդ ծննդյան վկայականում՝ Անկախության հռչակագրի մեջ, կան մեր գաղափարական հիմքերը։ Ես չէի պատկերացնի, որ մեր ազգի ներկայացուցիչները կգնան այդ քայլին։ Անգամ որևէ հիշատակում չկա Հայոց ցեղասպանության մասին։ Անապատում մորթված ժողովրդի զավակները ուրանում են իրենց հայրերին։
Մենք մեր անցյալը չենք ուրանում։

Կուզեմ մի բան էլ ավելացնել, որպեսզի դուք վստահ լինեք։ «Ոչ» ասելով ալիևյան սահմանադրությանը՝ մենք վստահ ենք լինում, որ Հայաստանի ներքին գործերը պետք է լուծվեն հայկական քաղաքական դաշտի կոնսոլիդացիայի արդյունքում՝ ընդդիմություն, իշխանություն, հասարակական կազմակերպություններ… Պառակտումից դուրս պետք է որոշվեն մեր ապագա սահմանադրությունները, ոչ թե ուրիշի ցուցումով։ Միայն այդպես է երկիրը երկարաժամկետ պահպանում իր ինքնուրույնությունը։

Նաև այն մտավախությունները, որ բարձրացնում են, կուզեմ փարատել։ Ոչ մի հակամարտություն չի սկսվել այսքան ժամանակ սահմանադրության պատճառով։

Սա ուղղակի Ալիևի պահանջն է, որ մենք անցնենք իր թրի տակով։ Նա իրեն է ենթարկել Հայաստանի վարչապետին։ Բայց չի բավարարվել։ Ինչպես Հայաստանն ասպատակած բազմաթիվ այլ բռնապետեր, նա նոր պահանջ է դրել, որ իր թրի տակով պետք է անցնի ամբողջ հայ ազգը՝ գնալով և սահմանադրությանը «այո» ասելով։

Ու ասեմ ձեզ. այսպիսի բան մեր պատմության մեջ էլի է եղել։ Մեր ազգի հիմնական էպոսում՝ «Սասնա ծռերում», մի այսպիսի մաս կա, որը պետք է հիշեք։ Մսրա Մելիքը ասպատակում է Հայաստան։ Եվ Հայաստանի այն ժամանակվա փաստացի կառավարիչը, ում Ձենով Օհան էին ասում՝ Ձենով, որովհետև անիմաստ շատ էր գոռում, փոխանակ այդ պահին քաջություն դրսևորեր, գնացել, պառկել է Մսրա Մելիքի դեմը և աղաչել է, որ քաղցր աչքով նայի իրեն։ Բայց այդ աղաչանքին Մելիքը «չէ» է ասում։ Ասում է՝ քո ամբողջ ազգով անց պիտի կենաս իմ թրի տակով, «որ էգուց-էլօր ինչ էլ որ անեմ, ոչ մի սասունցի դուրս չգա իմ դեմ»։

Այս նոր մելիքներն էլ են ուզում նույն բանն անել։ Ուզում են, որ մենք անցնենք իրենց թրի տակով, որովհետև հենց սահմանադրության փոփոխությունը ամբողջ ազգին ստորացնելու փորձ է։
Անհաջող փորձ է լինելու։ Մենք կանգնելու ենք դրա դեմ։

Կուզեմ անդրադառնալ Փաշինյանի առաջարկին, որ առաջարկում էր ընդդիմությանը՝ մենք իրենց վեց ձայն տանք, ինքը հետո գնա։

Եթե պարզ լինեմ, յուրաքանչյուր ընդդիմության համար, իհարկե, սա լավագույն առաջարկն է։ Աշխարհում ամեն ընդդիմություն կցանկանար այդպիսի առաջարկ ունենալ, որ երեք պատերազմ բերած, եռապատերազմի ու եռապարտության խորհրդանիշը հեռանար։

Փաստորեն, մեզ առաջարկվում է Ալիևին ասել «հա» պոտենցիալ իշխանության դիմաց։ Բայց ինչո՞վ մենք կտարբերվենք Փաշինյանից, եթե «հա» ասենք Ալիևին իշխանության համար։ Նա չէ՞ր նույնը անողը։ Դրա դեմ չե՞նք մենք քննադատական խոսք ասում։

Թերագնահատել է մեզ Փաշինյանը։ Բոլորը կերազեին դրա մասին։ Բայց այս դեպքում ոչ հայկական ընդդիմությունը, որ մենք։ Որովհետև մեզ իշխանությունը և Փաշինյանի գնալը պետք է, որ մեր պետական արժանապատվությունը վերականգնվի։ Մեզ իշխանությունը այլ բանի համար պետք չէ։ Եթե պետք լիներ, մենք «հա» կասեինք Փաշինյանին հիմա։

Սիրելի հայրենակիցներ։ Վստահ եղեք, որ մենք շարունակելու ենք այս ճանապարհը, չնայած որ օրենքին ուշադրություն չդարձնող, օրենքի վրայով անցնող Փաշինյանի բոլոր մեթոդների մասին էլ տեղյակ ենք։ Ու պատրաստ ենք այդ ամենը մեզ վրա կրելու։

Ցանկանում եմ, որ դուք էլ գնահատեք և ամբողջ խնդրին նայեք այս տեսակետից։

Սահմանադրության պատճառով հակամարտություն չի լինելու։

Խաղաղությունը գալու է այն ժամանակ, երբ դիմացի կողմը տեսնի, որ էլի զիջելու բան չկա։ Դա բանակցության բազային օրենք է։

Եվ մենք մեր ազգի արժանապատվությունը առևտուր չենք անում»,- վստահեցրեց Նարեկ Կարապետյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment