40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը

Human Rights House Foundation-ը և քաղաքացիական հասարակության 45 միջազգային կազմակերպություններ կոչ են արել ԵԱՀԿ մասնակից պետություններին՝ արգելափակել Ադրբեջանի հնարավոր նախագահությունը 2027 թվականին։

«Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, գրում ենք՝ արտահայտելու մեր վճռական ընդդիմությունը ԵԱՀԿ-ում Ադրբեջանի հնարավոր նախագահությանը և կոչ ենք անում մասնակից պետություններին կանխել նման որոշման ընդունումը։ Ադրբեջանի կառավարությունը անվտանգության, բնապահպանության կամ մարդու իրավունքների հարցերում վստահելի գործընկեր չէ և պիտանի չէ կազմակերպությունը նախագահելու համար»,-ասվում է կազմակերպպությունների համատեղ հայտարարության մեջ։

Նշվում է, որ մշտական խորհրդում վերջին քննարկումների ընթացքում, այդ թվում՝ 2026 թվականի նոյեմբերի 19-ին, մասնակից պետությունները քննարկել են 2027 թվականին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի նախագահության հնարավորությունը։ Սա լուրջ մտահոգություն է առաջացնում, հատկապես հաշվի առնելով, որ շատ մասնակից պետություններ հասկանալի պատճառներով կենտրոնացած են կազմակերպության գործունեության առավել կայուն հիմքերի ապահովման վրա։

Ըստ հայտարարության՝ կազմակերպության ղեկավարումն ավտորիտար կառավարության ձեռքը հանձնելը լրջորեն կասկածի տակ կդնի մի կառույցի լեգիտիմությունն ու վստահելիությունը, որի առաքելությունն է խթանել անվտանգության համապարփակ մոտեցումը, որի առանցքային բաղադրիչներից են նաև մարդու իրավունքները։

«Քանի որ ԵԱՀԿ մասնակից պետությունները վերագնահատում են իրենց անվտանգության առաջնահերթությունները՝ ավտորիտարիզմի աճի, աշխարհաքաղաքական անկայունության և հիբրիդային սպառնալիքների պայմաններում, նրանք պետք է գիտակցեն, որ ավտորիտար պետությունները, այդ թվում՝ Ադրբեջանը, ավելի ու ավելի են սպառնում եվրոպական անվտանգությանը՝ ապատեղեկատվության, կոռուպցիայի, քաղաքական միջամտության, անդրսահմանային բռնաճնշումների և ժողովրդավարական ինստիտուտները խաթարելու փորձերի միջոցով։ Ուժեղ, անկախ և դիմակայուն քաղաքացիական հասարակությունը անվտանգության համապարփակ համակարգի կարևոր բաղադրիչն է։ Սակայն 2013 թվականից ի վեր Ադրբեջանը լայնածավալ ճնշումներ է իրականացնում անկախ քաղաքացիական հասարակության նկատմամբ՝ թիրախավորելով հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները և մարդու իրավունքների պաշտպաններին, այդ թվում՝ լրագրողներին ու իրավապաշտպան փաստաբաններին»,- ասվում է հայտարարության տեքստում։

Ընդգծվում է, որ 2023 թվականի վերջից հետո ճնշումները սաստկացել են՝ հանգեցնելով Ադրբեջանում քաղաքացիական տարածքի և հանրային մասնակցության հետագա սահմանափակումների։

Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ բանտերում պահվում է ավելի քան 300 քաղբանտարկյալ։ Տասնյակ քաղաքացիական ակտիվիստներ ազատազրկվել են՝ ի պատասխան իրենց օրինական իրավապաշտպան և լրագրողական գործունեության, այդ թվում՝ արտերկրում իրականացված աշխատանքի։

Ընդգծվում է նաև, որ վերջին տարիներին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) և ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն արձանագրել են, որ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների կազմակերպությունների գործունեությունը կարգավորող Ադրբեջանի օրենսդրությունը չի համապատասխանում միջազգային չափանիշներին։

Հոկտեմբերին Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որով դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ազգային անվտանգության մասին օրենքների չարաշահումը՝ հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին լռեցնելու, ինչպես նաև այլախոհ և ընդդիմադիր ձայների նկատմամբ անդրսահմանային բռնաճնշումներ իրականացնելու նպատակով։

Բանաձևում քննադատության է ենթարկվել նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից իրավապաշտպանների շարունակվող՝ քաղաքական դրդապատճառներով ազատազրկումը, այդ թվում՝ Անար Մամեդլիի դեպքը։ ԵԽԽՎ 2026 թվականի հունիսին ընդունած բանաձևում ճանաչվել է Ադրբեջանում այլախոհության համակարգային լռեցման փաստը։ Դրանում նշվել են անկախ լրատվամիջոցների կազմաքանդումը, հաղորդվող քաղբանտարկյալների թվի աճը, քրեական օրենսդրության չարաշահումը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակող օրենսդրության դերը քաղաքացիական տարածքի ճնշման գործում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների չկատարման ամենաբարձր տոկոս ունեցող պետությունների շարքում շարունակում է մնալ նաև Ադրբեջանը։ Այս հանգամանքը վկայում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները կատարելու հարցում երկրի իշխանությունների դժկամության մասին։

ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակը (RFoM) դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից «լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ իրականացվող հետապնդումները»։ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը բազմիցս արձանագրել են, որ ընտրությունները, լրատվամիջոցները, քաղաքական կուսակցությունները և քաղաքացիական հասարակությունը կարգավորող Ադրբեջանի իրավական դաշտը սահմանափակում է հիմնարար ազատությունները և չի համապատասխանում ԵԱՀԿ-ի ու Եվրոպայի խորհրդի ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև միջազգային չափանիշներին։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ Ադրբեջանում առկա է «կառավարության քննադատների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և իրավապաշտպանների կամայական ձերբակալությունների ու կալանավորումների մտահոգիչ միտում՝ հաշվեհարդարի նպատակով քրեական հետապնդումների և քրեական օրենսդրության չարաշահման միջոցով, օրենքի գերակայության սկզբունքի անտեսմամբ»։

Այս համատեքստում  կազմակերպությունները  հորդորում են ԵԱՀԿ մասնակից պետություններին մերժել Ադրբեջանի իշխանությունների՝ ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու ցանկացած թեկնածություն։

Հավելենք, որ հայտարարությունը ստորագրած կազմակերպությունների թվում է նաև «ելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ)։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment