Թրամփը Գոհաբանության օրը ներում կշնորհի Ազատություն և Փետուր անունով 2 հնդկահավերի

Բաժանորդագրվել

Ներման հանդիսավոր արարողությունը նախատեսված է նոյեմբերի 24-ին, իսկ Գոհաբանության օրը ամերիկացիները կնշեն նոյեմբերի 26-ին։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ պատրաստվում է ներում շնորհել երկու հնդկահավերի։ Այս տարի այն երջանիկները, որոնց կհաջողվի խուսափել տոնական սեղանին հայտնվելուց, կլինեն «Ազատություն» և «Փետուր» հնդկահավերը, հայտնել է Սպիտակ տունը։

«Ամերիկայի պատվավոր հյուրերը ժամանել են։ Ձայները հաշվարկված են, դիմավորեք` «Ազատությունը» և «Փետուրը»», – ասվում է X սոցցանցում տարածված Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

Թռչունների անուններն ընտրվել են առցանց քվեարկության միջոցով։ Ներման հանդիսավոր արարողությունը նախատեսված է նոյեմբերի 24-ին, իսկ Գոհաբանության օրը ամերիկացիները կնշեն նոյեմբերի 26-ին։

Ավանդույթի համաձայն՝ նախագահի հետ հանդիպելուց առաջ հնդկահավերը գիշերը կանցկացնեն Սպիտակ տան տեսարանով շքեղ հյուրանոցում։

Գոհաբանության օրը ԱՄՆ նախագահին հնդկահավ նվիրելու սովորույթը սկսվել է դեռ 1947 թվականին։ Այդ ժամանակ Հնդկահավ արտադրողների ազգային ֆեդերացիան հնդկահավ նվիրեց նախագահ Հարրի Թրումանին։ Սակայն պաշտոնապես հնդկահավերին սկսեցին ներում շնորհել միայն 1989 թվականին՝ Ջորջ Բուշ ավագի օրոք։

Գոհաբանության օրը ԱՄՆ–ում նշվում է ամեն տարի նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը։ Այն երկրի ամենակարևոր ընտանեկան տոներից մեկն է, և ավանդաբար տոնական սեղանի կենտրոնական տեղը զբաղեցնում է տապակած հնդկահավը։

Leave a comment