Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Հոգու նվիրական ապրումներով վերստին մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան։ Ներաշխարհի քննությամբ, զղջման և ապաշխարության սրբարար ճանապարհով ընթանալու ենք դեպի բերկրալի և լուսավոր տոնը մեր Փրկչի Սուրբ և Հրաշափառ Հարության։ Այս մասին ասվում է Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի՝ Մեծ Պահքին նվիրված ուղերձում։
Նա, մասնավորապես, նշել է. «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի քարոզչությունը սկսվեց ապաշխարության կոչով. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. 4.17): Տերունական այս հրավերին ընդառաջումն է, որ պահքը աղոթական իր խորհրդով զորացնում ու մաքրագործում է հոգին, ամրացնում որդիական կապը Երկնավոր Հոր հետ։ Ջերմեռանդ աղոթքը պիտի լուսավորի պահեցողության ընթացքը, չափավորությունը զարդարի հավատավոր անձի կենցաղավարությունը, նաև ներողամտություն դրսևորի զղջացող հոգին իր նմանի հանդեպ, ինչպես որ քաղցրորեն հորդորում է Տերը. «Ներեցե՛ք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր հանցանքները» (Մարկ. 11.25):
Սիրելիներ, մեր օրերում, երբ ազգային ու հայրենական կյանքի խնդիրների, մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով, Ում միջոցով հաշտվեցինք Աստծո հետ։
Ապրենք ազգի ու հայրենիքի նկատմամբ ամենայն նվիրումով, մեր ինքնությանն ու սրբազան արժեքների հանդեպ անբեկանելի նախանձախնդրությամբ, մեր Մայր Եկեղեցուն հավատարիմ մնալու հաստատակամությամբ։
Աղոթենք միասին, որ պահեցողության խորհրդավոր այս ժամանակամիջոցը համընդհանուր զղջման և ապաշխարության գեղեցիկ առիթ լինի ամենքիս համար, որպեսզի մեր սխալներն ու թերությունները գիտակցելով և շտկելով կարողանանք միասնաբար հաղթահարել բոլոր նեղություններն ու դժվարությունները։ Թող Բարձրյալն Աստված խաղաղություն հաստատի աշխարհում, մեր հայրենիքում ու մեր սրտերում, և բարօրության ու շինության մեջ պահի ու պահպանի մեր ազգը, մեր պետությունն ու մեր Սուրբ Եկեղեցին. ամեն։