«Հիմա որ հին Սահմանադրության մասին խոսում ենք, սա ընդամենը Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում է»,- 2018 թվականի փետրվարին այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսպես էր բնութագրում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած Մայր օրենքի փոփոխությունը։
Ութ տարի անց Փաշինյանն արդեն վարչապետի պաշտոնում հանրությանն է ներկայացնում նոր Սահմանադրության նախագիծը։ Ո՞ւմ հագով է նոր կոստյումը, ի՞նչպիսի կառավարման համակարգ է առաջարկվում, ինչպե՞ս են վերադասավորվում պետական ինստիտուտների լիազորությունները, և ի՞նչ է փոխվում իշխանության կենտրոնացման ու հակակշիռների տեսանկյունից։
Factor TV-ն համեմատել է գործող և առաջարկվող Սահմանադրությունների դրույթները։
ՀՀ-ի կառավարման խորհրդարանական համակարգն առաջարկվում է պահպանել։ ԱԺ-ն ընտրվում է համամասնական ընտրակարգով, իսկ պատգամավորների թիվը չի կարող պակաս լինել 101-ից։ Կառավարության անդամ նշանակվելու դեպքում պատգամավորական լիազորությունները չեն դադարում, այլ կասեցվում են Կառավարությունում պաշտոնավարման ամբողջ ընթացքում։ Եթե որևէ կուսակցություն կամ դաշինք ընտրությունների արդյունքում ստանում է Ազգային ժողովի մանդատների երկու երրորդից ավելին, ապա մյուս կուսակցություններին հատկացվում են լրացուցիչ մանդատներ, որպեսզի նրանց ընդհանուր թիվը կազմի առնվազն մեկ երրորդը։
Ազգային ժողովի պատգամավորի համար բարձրացվում են քաղաքացիության և բնակության ցենզերը։ Թեկնածուն պետք է վերջին հինգ տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացած և վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվող անձ լինի։ Վարչապետի թեկնածուն պետք է լինի մեծամասնությունը ձևավորած խմբակցության պատգամավոր կամ Կառավարությունում պաշտոնավարման պատճառով լիազորությունները կասեցված պատգամավոր։ Նախագծով ավելացվել են ՍԴ-ի որոշմամբ կուսակցությունների գործունեությունն արգելելու նոր հիմքեր․
-օտարերկրյա աղբյուրից ֆինանսավորում ստանալը,
-պետության անկախությունից հրաժարվելու քարոզը,
-ազգային կամ կրոնական ատելություն բորբոքելը,
-գործունեությունը ընտրողի ազատ կամքի արտահայտումը խաթարելուն ուղղված լինելը։
Առաջարկվող նախագծով Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը՝ անհապաղ։
Վարչապետը նշանակվելուց հետո 20-օրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին։ Նախագահը երեք օրվա ընթացքում կամ նշանակում է նրանց, կամ դիմում է Սահմանադրական դատարան։ ՍԴ-ն դիմումը քննում և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում։ Եթե նախագահը երեք օրվա ընթացքում չի կատարում այդ պահանջները, համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով։
Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է Կառավարության անդամների առնվազն երկու երրորդը։
Առաջարկվող նախագծում ավելացվել է նաև դրույթ, որը սահմանում է, թե որ դեպքերում է Կառավարությունը հրաժարական ներկայացնում․
-նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրը,
-Ազգային ժողովի արձակման դեպքում,
-Կառավարության ծրագրին հավանություն չտալու դեպքում,
-վարչապետի հրաժարականի կամ պաշտոնը թափուր մնալու դեպքում։
Միաժամանակ, սահմանվում է, որ Կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչև նոր Կառավարության կազմավորումը։
«Ամեն իրիկուն տանում են, ասում են՝ շեֆ, մի հատ հագի, տեսնենք ոնց է, Սերժ Սարգսյանն էլ ասում է՝ ոնց որ այս վարատնիկի կողմը մի քիչ սուր է, թող մի քիչ կարը կլոր տանեն»,- 2018-ին ասում էր ընդդիմադիր Փաշինյանը։
Այսօր արդեն վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանի ներկայացրած նոր Սահմանադրության նախագծով վարչապետի պաշտոնավարման առավելագույն ժամկետ չի սահմանվում։ Այս հարցում նոր նախագիծը պահպանում է գործող կարգավորումը․ նույն անձը կարող է վարչապետ ընտրվել անսահմանափակ թվով անգամներ, եթե յուրաքանչյուր անգամ ստանում է անհրաժեշտ խորհրդարանական աջակցությունը։
Պահպանվում է Հանրապետության նախագահի՝ պետության գլխի կարգավիճակը։ Ավելացվել է դրույթ, ըստ որի՝ եթե Ազգային ժողովը եռամսյա ժամկետում չի ընտրում անկախ կամ ինքնավար մարմնի անդամին, Հանրապետության նախագահը նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար՝ երկու տարի ժամկետով։
Նախագծով Ազգային ժողովը կարող է արձակվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի ձայներով։ Գործող Սահմանադրությամբ նման ընդհանուր հնարավորություն նախատեսված չէ։ Ազգային ժողովի արձակման մասին որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը։ Եթե նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո։
Վարչապետին անվստահություն հայտնելու գործող կարգը էական փոփոխության չի ենթարկվում։ Առաջարկվող նախագծով վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի անց։ Իսկ եթե անվստահություն հայտնելու նախագիծը չի ընդունվում, նոր նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո։
Նոր նախագծով Ազգային ժողովը իրավունք է ստանում անվստահություն հայտնել նաև փոխվարչապետին, նախարարին կամ դիվանագիտական ներկայացուցչին։
Մայր օրենքի նոր նախագիծը, ըստ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի, ոչ թե որևէ մեկի համար կարված կոստյում է, այլ խորհրդարանական կառավարման համակարգին բնորոշ մոդել, որով, նրա գնահատմամբ, էապես ընդլայնվում են ընդդիմության լիազորությունները, ուժեղացվում իշխանության հակակշիռները և նվազեցվում վարչապետի ու իշխող մեծամասնության ազդեցությունը։
«Շատ անազնիվ կլինի դա ասել մի Սահմանադրության մասին, որով ընդդիմության դերակատարումն է ավելանում, որով իշխանության փոխզսպման մեխանիզմներն են ավելանում, որով հակակոռուպցիոն մարմինների անկախության երաշխիքներն են ավելանում, որով Կենտրոնական բանկի կարգավիճակն է էապես բարելավվում, որով անկախ մարմինների կարգավորումներն են էապես լավանում, որով մի շարք մարմինների վերընտրության մեխանիզմն է դուրս գալիս, և էդ մարմինների կախվածությունը խորհրդարանական մեծամասնությունից վերանում է, որով ամենակարևորը՝ կայուն մեծամասնության մեխանիզմն է էապես նվազեցվում։ Սա մի անձի համար կարված Սահմանադրություն չէ»,- պնդեց Իոաննիսյանը։
Նոր Սահմանադրության նախագիծը փոխում է մի շարք պետական ինստիտուտների ձևավորման և գործունեության կարգը։ Բայց այն կարող է ընդունվել միայն հանրաքվեով, դրա համար պետք է խորհրդարանում հավանության արժանանա նախագիծը։ Խորհրդարանական ընդդիմությունը, որից 6 ձայն է պահանջվում, արդեն հայտարարել է, որ կողմ չի քվեարկելու նախագծին։ Փաշինյանն ընդդիմությանն առաջարկում է գնալ հանրաքվեի, և եթե ժողովուրդը դեմ քվեարկի, ինքը հրաժարական կտա, եթե կողմ քվեարկի` հաջորդ ընտրություններում որպես վարչապետի թեկնածու չի առաջադրվի: Փաշինյանի կառավարությունը չի բացառել նաև արտահերթ ընտրությունների գնալու տարբերակը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան