Իրավապաշտպան, բնապահպան Օլեգ Դուլգարյանը գրում է․
«Հաղթանակ, Վարդահովիտում հանք չի լինելու։
Շնորհավորում եմ Վարդահովիտ բնակավայրի, Եղեգնաձոր հանայնքի մյուս բնակավայրերի բնակիչներին իրենց այս հաղթանակի համար, որին նրանք հասել են տարիների համառ պայքարի արդյունքում, հաղթահարելով բազմաթիվ դժվարություներ և ստեղծվող խոչընդոտներ։
Կեցցեք, համայնքի բնակիչներն են կերտելու համայնքի ապագան և իրացնելու իրենց զարգացման տեսլականները,
Հանուն բնության, հանուն առողջ և մաքուր շրջակա միջավայրում ապրելու իրավունքի»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրում Շրջակա միջավայրի նախարարությունը, ի դեմս ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնի, հանրային քննարկում էր անցկացրել «Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ի հայտի վերաբերյալ։
Ընկերությունը մտադրություն ուներ Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական հետախուզում իրականացնել և թույլտվություն է հայցում 2026-2028թթ.-ի աշխատանքների համար։
Բնակիչները դեմ էին արտահայտվում հանքի բացմանը պնդելով, որ այն վնաս կհասցնի իրենց արոտավայրերին, ջրերին, հողերին, չեն կարողանա զբաղվել հողագործությամբ ու անասնապահությամբ։ Բնակիչների մի մասն էլ՝ պնդում էր, որ որ մարդիկ պետք է աշխատեն, որ ապրեն։