Կենսաչափական նոր անձնագրում արցախցիների ծննդյան վայրը՝ «Ադրբեջան» գրելուց բացի, պարզվում է Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում երեխա ունեցած անձանց համար պետությունը հերթական փորձությունն է «մոգոնել»։
Վերոնիկա Յագուբյանը MediaHub-ին փոխանցեց, որ նորածին դստեր համար անձնագիր ստանալու նպատակով դիմել են միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը, վերջիններս տեղեկացրել են, թե պետք է դիմեն «Հայփասին», քանի որ այսուհետ անձնագրերը կտրամադրի նորաբաց «Հայփաս» ընկերությունը։ «Հայփասը» թույլ չի տալիս մուտք գործել համակարգ, առաջարկելով դիմել ՄՔԾ-ին։
«Աղջիկս ծնվել է Հայաստանում և ճանաչվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Մենք ունենք նրա քաղաքացիությունը հաստատող պաշտոնական փաստաթուղթ։ Մեզ անհրաժեշտ է նրա համար անձնագիր ստանալ՝ ընտանիքով Հայաստանից մեկնելու նպատակով։ Սակայն արդեն շաբաթներ շարունակ բախվում ենք պետական համակարգի անհասկանալի և անընդունելի վերաբերմունքին։ «ՀայՓաս» համակարգը մեզ նույնիսկ թույլ չի տալիս մուտք գործել համակարգ՝ նույնականացում անցնելու և նախագրանցում կատարելու համար, էլ չեմ խոսում ծառայությունից օգտվելու հնարավորության մասին։ Իսկ իրավասու կառույցները չեն կարողանում կամ չեն ցանկանում լուծել խնդիրը։ Մեզ բանավոր հայտնել են, որ մեր դուստրը չի կարող անձնագիր ստանալ, քանի դեռ ծնողներս չենք ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Կրկնում եմ՝ խոսքը Հայաստանի Հանրապետության քաղաքացու մասին է, որի քաղաքացիությունը հաստատված է պետության կողմից տրված պաշտոնական փաստաթղթով»,- ասաց Վերոնիկան։
Վերոնիկան և իր ամուսինը գրեթե ամեն օր թակում են պետական մարմինների դռները, սակայն, խնդիրը չի լուծվում։
«Ուզում եմ հասկանալ օրենքի ո՞ր հոդվածով է սահմանվում, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող նորածին երեխան չի կարող անձնագիր ստանալ, եթե նրա ծնողները ՀՀ քաղաքացիներ չեն։ Ինչո՞ւ է երեխայի՝ իր երկրի քաղաքացու անձնագիր ստանալու իրավունքը պայմանավորվում ծնողների քաղաքացիությամբ։ Ինչո՞ւ է պետական կառույցների տեխնիկական կամ վարչական խնդիրների հետևանքով տուժում քաղաքացին, տվյալ դեպքում՝ նորածին երեխան։ ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածը սահմանում է երեխայի շահերի առաջնահերթությունը, իսկ 40-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու յուրաքանչյուրի իրավունքը»։
Ըստ մեր զրուցակցի՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը զանգահարել է և վստահեցրել, որ խնդիրը մեկ շաբաթվա ընթացքում կլուծվի։
Արդյունքի չհասնելուց հետո, կրկին դիմել են ծառայությանը․ այս անգամ էլ խոստացել են կապ հաստատել, բայց ոչ մի զանգ չի եղել։
«Ուղարկել ենք նաև պաշտոնական դիմում, էլի պատասխան չկա։ Մենք չենք խնդրում արտոնություն կամ բացառություն։ Մենք պահանջում ենք ապահովել մեր երեխայի՝ օրենքով սահմանված իրավունքների իրացումը։ Ինչո՞ւ մենք պետք է տուժենք ձեր անգործության, ոչ կոմպետենտության, անպատասխանատվության և համակարգային ձախողումների պատճառով։ Մեզ այլևս պետք չեն հերթական խոստումները, արդարացումները կամ «աշխատանքներ են տարվում» ձևակերպումները։ Մեզ պետք է կոնկրետ լուծում՝ հիմա»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան