Ինչու՞, ի՞նչ փոխվեց: Պե՞տք է ժամանակ վատնել երաժշտական դպրոցներում: Կոնսերվատորիայի բոլո՞ր շրջանավարտներն են աշխատում երաժշտության ոլորտում… Aravot.am-ի այս և հետաքրքրող այլ հարցերին պատասխանում է արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի որակի բաժնի վարիչ, երաժշտության պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Ավետիսյանը.
-Տիկին Ավետիսյան, ավելի քան 30 տարի խոսվում է երաժշտական կրթությունը երեխայի դաստիարակության առաջնահերթ լինելու և չլինելու մասին: Նման կրթությունը ժամանակին երեխայի դաստիարակության առաջնահերթությունների ցանկում էր, սակայն վաղուց այդպես չէ: Ինչու՞, ինչ փոխվեց: Այս առիթով կուզենք լսել Ձեր դիտարկումը:
-Երաժշտական կրթության էությունը մարդկության զարգացման ամբողջ ընթացքում փոփոխության գրեթե չի ենթարվել։ Պետք է փորձենք հասկանալ, թե ո՞ր տեսանկյունից ենք այն դիտարկում։
Առաջին հերթին մենք պետք է պարզ գիտակցենք, որ երաժիշտը «ի վերուստ երաժշտությամբ զբաղվող գիտակն է կամ սիրահարը», երաժշտության գծով մասնագետ, երաժշտությամբ զբաղվող պրոֆեսիոնալ անձ կամ սիրահար։ Ինչը նշանակում է, որ երաժիշտ դառնալու համար անհրաժեշտ է փոքր տարիքից զբաղվել երաժշտությամբ, տիրապետել որևէ երաժշտական գործիքի։
Հանրապետությունում կան հարյուրավոր երաժշտական դպրոցներ, որոնց դռները բաց են բոլորի առջև։ Ցավոք, այսօր՝ այո, երաժշտական կրթությունը երեխայի դաստիարակության առաջնահերթությունների ցանկում չէ։ Ի ՞նչ փոխվեց: Փոխվեցին ընտանեկան դաստիարակության և հասարարակության մոտեցումները։ Ծնողների համար երաժիշտը մասնագիտություն չէ։ Հասկանալի պատճառներով նրանք նախընտրում են, որ իրենց զավակներն ուսումնասիրեն լեզուներ, մաթեմատիկա, ծրագրավորում և այլն, ստանան բարձրագույն կրթություն համապատասխան ուղղություններով։ Երաժշտական դպրոցների շրջանավարտների ընդամենը 10-15%-ն է շարունակում կրթությունը հանրապետության երաժշտական քոլեջներում և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Դա պարտադիր պայման չէ, իհարկե, դպրոցում սովորելու համար։
–Այդ դեպքում, արդյոք պե՞տք է ժամանակ վատնել երաժշտական դպրոցներում: Իսկ երբ երեխային տանում են սպորտի, դա է՞լ է համարվում ժամանակի կորուստ։
-Իրականում, եթե փոքր տարիքից մարդը զբաղվել է երաժշտությամբ, նա առանձնանում է հասարակության մեջ։ Ոչ միայն նրանով, որ լսում է դասական երաժշտություն, այլեւ՝ մտածելակերպով։ Գիտեք, գիտնականներն ապացուցել են, որ երբ ուսումնասիրում ես ինչ-որ մի երաժշտական ստեղծագործություն, սկսում են միաժամանակ ակտիվանալ մարդու ուղեղի տարբեր ֆունկցիաները՝ պետք է տառերի պես արագ կարդալ նոտաները, գտնել դրանք գործիքի վրա և փորձել արտաբերել։ Սա յուրատեսակ սպորտ է՝ ուղեղի և մատների համար։ Բացի այդ, երբ կատարում են այս կամ այն ստեղծագործությունը, նրանք արդեն պատկերացնում են տվյալ դարաշրջանը՝ մտածելակերպ, մշակույթ… Ի վերջո երաժշտությունը սերունդներ միավորող լեզու է…
-Մեր ժամանակներում սերունդների լեզուներն էլ են տարբեր…
-Եվ միշտ է այդպես եղել։ Երաժշտության շուրջ սերունդների հակամարտությունները նորություն չեն։ Մեր ծնողները քննադատում էին այն, ինչ մենք էինք լսում, իսկ մենք չէինք հասկանում նրանց երաժշտական ճաշակը, որը համարում էինք հնամաշ։ Սա մեծանալու բնական ընթացք է, երբ երիտասարդներն արտահայտում են իրենց անհատականությունը և կառուցում կապեր հասակակիցների հետ։ Այնուամենայնիվ, դասական, ջազ, ֆոլկ համերգների ժամանակ դահլիճը լցվում է հիմնականում, երիտասարդներով։ Եվ հակառակը, որտեղ հնչում է ժամանակակից երաժշտություն, շատ հաճախ հանդիպում ենք ավագ սերնդի ներկայացուցիչների։ Սերունդները փորձում են հանդիպակաց շարժվել։ Մինչդեռ, երաժշտությունը մնում է մարդկությանը տրված հրաշալի պարգև։ Երաժշտության շնորհիվ մարդիկ կարող են հանգստանալ և լիցքաթափվել։ Այս արվեստի ձևը կարող է արմատապես փոխել մարդու տրամադրությունը։ Երաժշտությունը բազմազան հույզերի և զգացմունքների աղբյուր է։ Ինչքան էլ տարբերվեն սերունդները միմյանցից, երաժշտությունը միևնույն է մնում է՝ որպես մարդկային կյանքի, հոգու անբաժանելի մաս։ Երաժշտությունը մարդկանց ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում։ Եվ ո՞վ կարող է մատուցել այն, իհարկե՝ երաժիշտները։
-Կարծում ենք հասանք այն կետին, թե ինչպիսին է այսօր բարձրագույն երաժշտական կրթությունը Հայաստանում:
-Հայաստանի, ընդհանուր առմամբ հայության միակ երաժշտական բուհը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան է, որը ստեղծվել է 105 տարի առաջ, շնորհիվ հայ ազգի նվիրյալների։ Հպարտությամբ նշեմ, որ չնայած մոտեցումների փոփոխություններին, մեր բուհի դիմորդների թիվը, կարելի է ասել չի պակասում։ Ուսանողները գալիս են ոգևորությամբ, ջանասիրաբար պարապում և հետո գտնում իրենց տեղը երաժշտական կյանքում։
-Ուզում եք ասել, որ կոնսերվատորիայի բոլոր ուսանողները ավարտելուց հետո աշխատում են երաժշտական ոլորտու՞մ:
-Գիտեք, դա հնարավոր չէ։ Իրականում, ոչ մի բուհ չի կարող վստահաբար դա փաստել։ Սակայն, կոնսերվատորիայի հետազոտությունների հիման վրա կարող ենք ասել, որ մեր շրջանավարտների 76%-ը մնացել է մասնագիտության ոլորտում։ Կոնսերվատորիան հանրապետության բոլոր երաժշտական կազմակերպությունների երաժիշտ-մասնագետների դոնորն է։ Մեր շնորհալի երիտասարդները գտնում են իրենց տեղը երաժշտարվեստում նաև մեր երկրի սահմաններից դուրս՝ Կանադա, ԱՄՆ, Շվեդիա, Ֆրանսիա, Գերմանիա, ՌԴ և այլուր։
Դա ասում ենք հպարտությամբ, քանի որ դեռ ուսման տարիներին մեր ուսանողները մասնակցում են զանազան հանրապետական և միջազգային փառատոների և մրցույթների։
-Մենք զրուցել ենք ճանաչված բազմաթիվ երաժիշտների հետ, որոնք նշում են, թե իրենց կյանքի ընթացքում առհասարակ մրցույթների չեն մասնակցել: Ի՞նչ կասեք:
-Այս հարցին միանշանակ չենք կարող մոտենալ։ Այո, երաժշտությունը և, ընդհանուր առմամբ, արվեստը զգացմունքային ու հուզական է։ Իսկ յուրաքանչյուր արվեստագետ անհատականություն է, որը զգում է, արտահայտվում և ներկայացնում է ամեն բան այնպես, ինչպիսին ինքն է, իր էությամբ ու մտածելակերպով: Օրինակ՝ մեր փայլուն տաղանդավոր, հայկական դաշնամուրային դպրոցի հիմնասյուները՝ Աննա Ամբակումյանն ու Մարջան Մխիթարյանը, դաշնամուրային նույնանուն մրցույթների են մասնակցել, աշխատել են նույն ամբիոնում, մրցույթներում էլ մշտապես 2-րդ և 3-րդ հորիզոնականներում են եղել, ինչը, երբեք ազդեցություն չի ունեցել նրանց մանկավարժական, համերգային գործունեության վրա, քանի որ նրանց բարձր կատարողական արվեստը, այսպես ասած՝ երաժշտական ձեռագրերը տարբեր էին։ Մյուս կողմից՝ սովորելու տարիներին մրցակցությունը զարգացնում և ձևավորում է ուսանողին, ընդլայնում նրա մասնագիտական կարողությունները։ Յուրաքանչյուր մրցույթ, փառատոն ունի իր պահանջներն ու ծրագրերը։ Եվ ուսանողի մասնակցությունը նման միջոցառումների զարգացնում է նրա հաղորդակցության, տարբեր երկրների մտածելակերպը արագ ընկալելու հնարավորությունները և այլն։ Իսկ հեղինակավոր մրցույթները տալիս են նաև ճանաչելիություն։ Կուզեմ ընդգծել մի մեծ առավելություն, որն ունեն երաժիշտները՝ աշխատանքի ընդունվելիս: Երբ գործատուն ունկնդրում է նրանց կատարումներըը, այն էլ բարձրարվեստ, ապա նրան արդեն չեն հուզում ու հետաքրքրում այն կենսագրական տվյալները, որ նախօրոք ներկայացված են լինում:
-Իսկ կոնսերվատորիայի ուսանողները մեծամասամբ ի՞նչ կամ ո՞ր մրցույթներին են մասնակցում:
-Տարբեր մակարդակների միջազգային առկա և առցանց մրցույթների, որոնց աշխարհագրությունը շատ մեծ է։ Մենք մեծ տեղ ենք տալիս նաև հանրապետական և ներբուհական մրցույթներին։ Այդ մրցույթների ժյուրիներում նստած են նույնպես ճանաչված երաժիշտներ։ Վերջին ուսումնական տարվա ընթացքում կոնսերվատորիայում անցկացվեցին Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական մրցույթը, Լևոն Չաուշյանի անվան կամերային անսամբլի ներբուհական մրցույթը, Լարային քառյակի ներբուհական մրցույթը, Հարություն Դելալյանի անվան կոմպոզիտորների ներբուհական մրցույթը, իսկ Գոհար Գասպարյանի անվան վոկալիստների հանրապետական մրցույթին կոնսերվատորիան հանդես եկավ որպես համակազմակերպիչ։ Վստահեցնեմ, որ ներբուհական մրցույթների ժամանակ կոնսերվատորիայում սկսվում է ստեղծագործական հաճելի իրարանցում, ունենում ենք մասնակիցներ նաև դասախոսական կազմից: Մի բան էլ՝ Կոմիտասի անունը կրող բարձրագույն երաժշտական ուսումնական հաստուտությունը բարձր է պահում մեր նվիրյալների հիշատակը ստեղծագործական, գիտական և կատարողական պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։ Մենք պարզ ճակատով, ինչպես ասում են, հպարտությամբ խոսում ենք դրա մասին, բարձր ենք գնահատում թե՛ մեր դասախոսների անձնվեր աշխատանքը, և թե՛ մեր երիտասարդների մասնագիտական մոտեցումները։ Այստեղ են միանում սերունդները, որոնց համագործակցության շնորհիվ կոնսերվատորիան կկրթի հազարավոր երիտասարդների, ևս մի, առնվազն 200 տարի։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: