Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են ռազմավարական գործընկերությունն ու TRIPP-ը․ Փաշինյանը հրավիրվել է Թրամփի հետ հանդիպման

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային գործընթացների և զարգացումների շուրջ


ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունը քննարկել են Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն ու TRIPP նախագծի իրականացումը։


Նոյեմբերի 23-ին Սյունիքի մարզի Մեղրի համայնքում մեկնարկել է TRIPP նախագծի իրականացման գործնական փուլը։


ՀՀ կառավարության փոխանցմամբ՝ վարչապետը կարևորել է Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական խորացումը և նշել, որ դրան էապես կնպաստի TRIPP նախագծի իրականացումը, որի գործնական փուլը մեկնարկել է այսօր։


Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության ապահովմանն ուղղված քայլերի իրականացման գործում։


Լայթսթոունը Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու և նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման հրավերը։


Նա նշել է, որ ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի հանդիպումը նոր ազդակ կհաղորդի Հայաստան–ԱՄՆ բազմաոլորտ կապերին և դրանց հետագա զարգացմանը։


Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային գործընթացների և զարգացումների շուրջ։


TRIPP նախագծի մասին


TRIPP-ը նախատեսում է Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծում, այդ թվում՝ երկաթուղային կապ Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։


Նախաձեռնությունը ընթացք է ստացել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածություններից հետո։


Նախագիծը նաև նպատակ ունի Հայաստանի համար ապահովել տրանսպորտային նոր հնարավորություններ և նպաստել երկրի ինտեգրմանը միջազգային լոգիստիկ երթուղիներին։

Leave a comment