Այսօր հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը։
Ըստ ՔՊ-ականների՝ ՀՀ Սահմանադրության նախագծի հանրային քննարկումները կշարունակվեն մինչև 2027 թվականի գարուն։
Այսօրվա ուղերձում Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանը կրկին կոչ էր արել ապահովել այն 6 ձայնը, որն իշխանությանը պակասում է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշումն ընդունելու համար։
Արդեն իսկ քաղաքական գործիչները, սահմանադրագետներն ու շարքային քաղաքացիներն ակտիվորեն քննարկում են նոր Սահմանադրության տեքստը։ Սակայն որքանո՞վ է նպատակահարմար քննարկել մի փաստաթուղթ, որը դեռևս չի ընդունվել Ազգային ժողովի կողմից. բանն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, ըստ նշված հաշվարկի, անհրաժեշտ է ընդամենը վեց լրացուցիչ ձայն՝ սահմանադրական հանրաքվե անցկացնելու գործընթացը սկսելու համար։
MediaHub-ն այս և այլ հարցերի շուրջ զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ։
«Ես կարծում եմ, որ բոլոր այն ուժերը, որոնք դեմ են այս Սահմանադրությանը, դեմ են ադրբեջանական օրակարգը Հայաստանում իրացնելուն։ Հիմա՝ այս պահին, շատ բան ունեն մտածելու պառլամենտի հետ կապված, որովհետև իշխանությունն ակնարկել է, որ փորձելու է պոկել «պլյուս 6» մանդատները, քանի որ ընտրությունների արդյունքում Հայաստանի քաղաքացիներն իրենց սահմանադրական մեծամասնություն չեն տվել, ինչը նաև նշանակում է, որ Հայաստանի խորհրդարանում պառլամենտական ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներ են լինելու։ Մյուս կողմից էլ պարզ է՝ եթե խորհրդարանական ընդդիմությունը տեղի չտա, և այդ 6 մանդատներն իշխանությանը չհանձնեն, ապա այդ հանրաքվեն որևէ պարագայում չի կարող տեղի ունենալ։ Պետք է ամեն գնով պաշտպանել, դիմադրել և թույլ չտալ, որպեսզի իշխանությունն իր ռեպրեսիոն ապարատը գործի դնի»,- ասաց Աբրահամյանը։
Իսկ եթե հանրաքվեի հավանությունը չստանա ՔՊ-ն, ապա Փաշինյանը կգնա՞ արտահերթ ընտրությունների հարցին Աբրահամյանը պատասխանեց. «Մեծ առումով իշխանությունը դրա մասին ակնարկել է, որ ամեն ինչ անելու է ավելի կարճ, իր համար ավելի հեշտ ճանապարհով գնալու, այսինքն՝ ևս 6 ձայն ստանալու համար։ Բայց ինչո՞ւ պետք է գնա. ոչ թե որովհետև դա պետք է Հայաստանի Հանրապետությանը, այլ նա ակնհայտորեն խոստում է տվել Ադրբեջանին։ Որոշակի պարբերականությամբ Ադրբեջանում դրա մասին հիշեցնում են կամ ուղղակի իրենց հռետորաբանությունը կոշտացնում են. այս պարագայում Փաշինյանը չփակված հաշիվ ունի և փորձում է հաշիվը փակել Հայաստանի քաղաքացիների հաշվին»։
Նա հավելեց. ««Ալիևյան Սահմանադրություն» որակումն առաջին հերթին կապված է Ադրբեջանից հնչեցվող նախապայմանների և դրանց հետ Հայաստանի իշխանությունների հաշտ լինելու հետ։ Մյուս կողմից՝ ակնհայտ է նաև, որ իշխանությունը փորձում է առավելագույնս Սահմանադրությունը հարմարեցնել իրեն՝ հետագայում իր իշխանությունը ոչ միայն պահպանելու, այլև բռնաճնշումների, այսպես ասած, լեգիտիմությունը բարձրացնելու համար»։