«Իրականում Ադրբեջանն անխոչընդոտ ճանապարհ է ստանում․ եթե ԹՐԻՓՓ-ով խաղաղություն է հաստատվել, Փաշինյանն ինչո՞ւ է սպառնում նոր պատերազմով»․ Աննա Գրիգորյան

«Իրականում տեղի է ունենում այն, որ Ադրբեջանն անխոչընդոտ ճանապարհ է ստանում Նախիջևանի հետ միանալու համար։ Դեռ միակ շահող կողմն Ադրբեջանն է, քանի որ իր դարավոր երազանքն իրականացել է՝ անխոչընդոտ ճանապարհ ստանալ, հայի երես չտեսնել և իր երկու մասերը միացնել»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով այսօր տրված ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկին։ 

Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեցին, թե այս նախագիծը կնպաստի Հայաստանի ապաշրջափակմանը և տարածաշրջանային խաղաղության հաստատմանը։

Աննա Գրիգորյանը նշեց․ «Եթե դրանով խաղաղություն ապահովելու նպատակ ունենային, խաղաղության պայմանագիրը ստորագրված կլիներ։ Եթե ԹՐԻՓՓ-ով վերջնական խաղաղություն է հաստատվել, ապա Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է սպառնում նոր պատերազմով։ Սա ուղղակի ադրբեջանական պահանջի իրականացման հերթական դրսևորումն է եղել, որը փաթեթավորվել է եզակի հայկական շահերով»։

Աննա Գրիգորյանի խոսքով՝ հայտնի չէ, թե Հայաստանն ինչ օգուտներ է ստանալու այս ճանապարհից․ «Ասում են՝ Հայաստանն իբրև միլիարդների գումար է ստանալու։ Մինչև հիմա հարցնում ենք՝ ի՞նչ գումարի մասին է խոսքը, չեն կարողանում բացատրել, որովհետև չափազանց փոքր գումարի մասին է խոսքը»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment