ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից բռնագանձված շարժական և անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը։
Դատախազությունն ավելի վաղ տեղեկացրել է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության սեփականությանը պետք է փոխանցվեն մի շարք անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ, ինչպես նաև ընկերության բաժնեմաս։
Մասնավորապես, բռնագանձման ենթակա գույքի ցանկում ներառվել է 9 անշարժ գույք, որոնց ընդհանուր շուկայական արժեքը 2023 թվականի գնահատմամբ կազմել է 811 միլիոն 400 հազար դրամ։
Բացի այդ, դատական ակտով նախատեսվել է բռնագանձել 6 շարժական գույք, 18 միլիոն 371 հազար 325 դրամի ավանդ, 300 միլիոն 49 հազար 322 դրամի փոխառություն և ևս 17 միլիոն 135 հազար 233 դրամ։
Բռնագանձման ենթակա ակտիվների թվում ընդգրկվել է նաև «ԷՄ-ԷՆ-ԺԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 15,9456 տոկոս բաժնեմասը։
2026 թվականի նոյեմբերի 23-ի դրությամբ արդեն գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը դատական ակտով նախատեսված բոլոր ինը անշարժ գույքերի և վեց ավտոմեքենաների նկատմամբ։
Պետությանը փոխանցված ավտոմեքենաներից 4-ը կոլեկցիոն են։
Միևնույն ժամանակ բռնագանձման ենթակա մյուս ակտիվների վերադարձման գործընթացը դեռ չի ավարտվել։
Դրամական միջոցներն ու ՍՊ ընկերության բաժնեմասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու աշխատանքներն ընթացքի մեջ են։