Մանվելյան․ Հայաստանին մոդուլային ԱԷԿ պետք չէ – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Հայաստանին անհրաժեշտ է դասական ատոմակայան, ոչ թե մոդուլային ԱԷԿ։ Այս մասին նոյեմբերի 23-ին մի շարք փորձագետների մասնակցությամբ պանելային քննարկման ժամանակ հայտարարել է էներգետիկայի փորձագետ Արմեն Մանվելյանը։

Մանվելյանի խոսքով՝ մոդուլային ԱԷԿ-երի գաղափարն առաջացել է մեծ տերություններում, որոնք ունեն հսկայական տարածքներ և հեռավոր շրջաններն էլեկտրաէներգիայով ապահովելու անհրաժեշտություն։ Մինչդեռ Հայաստանին, նրա գնահատմամբ, դասական ատոմակայան է անհրաժեշտ, հատկապես եթե երկիրը գնում է տվյալների կենտրոնների զարգացման ճանապարհով։

Փորձագետի կարծիքով՝ վաղաժամ է Հրազդանում վերջերս գործարկված Firebird արհեստական բանականության գործարանի՝ NVIDIA-ի տվյալների կենտրոնի շահագործումը կապել Հայաստանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի էլեկտրացանցերին միանալու մասին այսօրվա հայտարարությունների հետ։ Նա նշել է, որ ընկերության փոխնախագահն այդուհանդերձ նման բովանդակությամբ հայտարարություն էր արել։

Մանվելյանի խոսքով՝ տվյալների կենտրոնի տվյալներից կարող է օգտվել ցանկացած ոք, և մենք կարող ենք անգամ չիմանալ այդ մասին։ Իսկ այն խոսակցությունները, թե էլեկտրաէներգիայի մատակարարումները կարող են իրականացվել տվյալներից օգտվելու հնարավորության դիմաց, նա քաղաքականացված է համարում։

NEWS.am

Leave a comment