ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների համատեղ իրականացվող՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի և տարածաշրջանային ապաշրջափակման գործնական փուլի մեկնարկի մասին։
Փաշինյանի խոսքով՝ TRIPP-ը անկախությունից ի վեր Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագիրն է։ Նախագծի շինարարության նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են Սյունիքի մարզում։
Վարչապետը հիշեցրել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համատեղ հռչակագիրը ճանապարհ է հարթել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։
Փաշինյանի գնահատմամբ՝ TRIPP-ը Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի կարևորագույն ձեռքբերումներից է։ Այն նախատեսում է Հարավային Կովկասում անխոչընդոտ բազմամոդալ տարանցիկ կապի ստեղծում՝ երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիակատար հարգանքի հիման վրա։
Վարչապետի խոսքով՝ նախագիծը, բացի Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև կապի ապահովումից, նշանակություն կունենա նաև Տրանսկասպյան առևտրային երթուղու և Արևելք-Արևմուտք կապի զարգացման համար։
Փաշինյանը նշել է, որ TRIPP-ը կնպաստի Հայաստանի արտաքին շուկաներին հասանելիության ընդլայնմանը, գործարար միջավայրի զարգացմանն ու ներդրումների ներգրավմանը։ Նրա խոսքով՝ նախագիծը հատկապես կարևոր է Սյունիքի մարզի զարգացման ներուժի իրացման համար։
Վարչապետը նաև ընդգծել է, որ TRIPP-ի իրականացումը կնպաստի Հայաստանի անվտանգության ամրապնդմանը՝ մեծացնելով երկրի նկատմամբ միջազգային գործընկերների և ներդրողների հետաքրքրությունը։
Փաշինյանի խոսքով՝ նախագծի մեկնարկը Հայաստանի կառավարության՝ խաղաղության, տարածաշրջանային կայունության և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության օրակարգի իրականացմանն ուղղված քայլերից է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան