Տեխնոլոգիաներն ու ԱԲ-ն` օրակարգում. Երևանում անցկացվել է DevFest 2026-ը

Տեխնոլոգիական քննարկումներ, գործնական աշխատարաններ, նոր ծանոթություններ, համագործակցության հնարավորություն ու փորձի փոխանակում. Երևանում անցկացվել է DevFest Armenia 2026-ը: 

Google Developer Groups Yerevan համայնքի կողմից կազմակերպվող DevFest-ի օրակարգում արհեստական բանականության, ամպային տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության, վեբ և բջջային տեխնոլոգիաների, խաղերի մշակման և այլ ոլորտների արդիական թեմաներն էին, որոնց շուրջ իրենց գիտելիքներով և փորձով կիսվեցին տեղացի ու միջազգային բանախոսներ։

GDG-ն ծրագրավորողներին և ՏՏ ոլորտի այլ մասնագետներին միավորող մեծ ցանց է, որի առանցքում Google-ի տեխնոլոգիաների օգտագործումն ու դրանց միջոցով հետաքրքիր նախագծերի ստեղծում են։ DevFest-ի համակազմակերպիչ Մարտին Միրզոյանի խոսքով` այստեղ կարևորում են նաև նեթվորքինգը, որի միջոցով ընդլայնվում է ծրագրավորողների մասնագիտական մտահորիզոնն, ու ձևավորվում են նոր համագործակցություններ։ 

«Քանի որ մասնակիցները հիմնականում ծրագրավորողներ են, միջոցառումն անցկացվում է «ծրագրավորողները՝ ծրագրավորողների համար» ձևաչափով, ինչն ավելի կետային մասնագիտական խնդիրներ է լուծում: Ինչպես անցած տարի, այս տարի ևս գլխավոր թիրախում արհեստական բանականությունն է, որը մեծապես վերափոխել է ոլորտը։ Շատերն այլևս ինքնուրույն կոդ չեն գրում, այլ դա անում են արհեստական բանականության միջոցով, ինչն արմատապես փոխում է մեր ոլորտը։ Շատերը մտահոգված են և գալիս են՝ հասկանալու, թե ինչ կարելի է անել ապագայում», – լրագրողների հետ զրույցում նշեց Միրզոյանը: 

Ամերիաբանկը երրորդ տարին անընդմեջ միացել է DevFest Armenia-ին` որպես գործընկեր: Բանկի Ձեռնարկության ճարտարապետության ծառայության ղեկավար Հարություն Մարգարյանը DevFest-ի շրջանակում հանդես է եկել «Enterprise Adopts AI, or AI Adopts the Enterprise» թեմայով զեկույցով: Նրա խոսքով` թե անհատ օգտատերը, թե կազմակերպությունները պետք է ԱԲ-ն հարմարեցնեն իրենց կարիքներին ու կանոններին, ոչ թե թույլ տան, որ տեխնոլոգիան ինքնաբուխ թելադրի իր կանոնները:

«Ինֆորմատիկայի տեսանկյունից ԱԲ գործակալ հասկացություն գոյություն չունի։ Սա շատ դժվար է բացատրել այն մարդկանց, որոնք չեն աշխատում ինժեներիայի և տեխնոլոգիաների ոլորտում։ Իրականում դա ընդամենը կատարման միջավայր է։ Մարդիկ սովորաբար սիրում են ԱԲ գործակալը պատկերացնել որպես մի իրական էակ՝ մեր մանկության «Տամագոչի» խաղալիքի պես, որը գիշերն արթուն է մնում, սպասում է ձեզ, հիշում է ձեզ, ունի իր առաքելությունը և կարող է խոսել ձեզ հետ։ Սակայն համակարգչային գիտության մեջ նման բան չկա։ Գոյություն ունի միայն կատարման միջավայր»,- իր ելույթում նշեց Հարությունը:

Իսկ Ամերիաբանկի զարգացման և վերապատրաստման բաժնի թվային հմտությունների զարգացման ավագ մասնագետ Ասյա Սեփխանյանն անդրադարձել է արհեստական բանականության դարաշրջանում կրթության ապագային՝ պանելային քննարկման ձևաչապում: Նրա գնահատմամբ՝ ԱԲ-ն վերափոխել է գիտելիքների և կոմպետենցիաների շրջանակը, բայց հիմնարար սկզբունքները մնում են անփոփոխ. յուրաքանչյուր աշխատակից պետք է կարողանա ճիշտ ձևակերպել ու լուծել խնդիրները, կիրառել սեփական դատողությունը և ստուգել ստացված արդյունքները։

«Ամերիաբանկի ՄՌԿ օրակարգում մենք մշտապես առաջնորդվել ենք երկու հիմնական ուղղությամբ՝ որակավորման բարձրացում և վերամասնագիտացում։ Դեռևս նախքան արհեստական բանականության լայն տարածումը, բազմաթիվ գործընթացների ավտոմատացման արդյունքում մեր աշխատակիցները վերամասնագիտանում էին՝ ռոտացիոն կարգով ներգրավվելով բանկի տարբեր ստորաբաժանումներում և դեպարտամենտներում։ Այսօր ԱԲ-ն պարզապես նոր լիցք ու հավելյալ հնարավորություն է հաղորդում այդ գործընթացին։ Այժմ Ամերիաբանկում պաշտոնապես մեկնարկել է ԱԲ փոխակերպման օրակարգը, որի շրջանակում իրականացնում ենք դասընթացների մշակում, որակավորման բարձրացում և վերամասնագիտացում։ Միևնույն ժամանակ, աշխատակիցներին ներկայացվող մեր հիմնական պահանջները ԱԲ-ի պատճառով չեն փոխվել, այլ միայն համալրվել են դրանով», – ասում է նա:

Արհեստական բանականությունն այսօր թե անհատների, թե բիզնեսի օրակարգում է: Ոմանց համար դա գործը հեշտացնելու միջոց է, ոմանց համար` գործը կորցնելու մտավախություն: Վերացական պայքարում որ բանականությունը կհաղթի, կախված է մեր բանականությունից, ու որ ժամանակին գիտակցենք` գիտելիքը բավարար չէ. մտածել է պետք՝ իմանալուց բացի:

Leave a comment