Հայերենը՝ անփոփոխելի պետական լեզու․ ինչ է փոխվում նոր Սահմանադրությամբ

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է հայերենի՝ պետական լեզու լինելու դրույթը դարձնել անփոփոխելի։ Եթե գործող Սահմանադրությամբ պետական լեզվին վերաբերող հոդվածը կարող է փոփոխվել, ապա նոր նախագծով այն ներառվել է փոփոխման ոչ ենթակա դրույթների շարքում։ Միաժամանակ մեկ հոդվածում միավորվել են պետական լեզվին, մշակույթին, կրթությանն ու գիտությանը վերաբերող կարգավորումները։ 

Ի՞նչ է փոխվել գործող Սահմանադրության համեմատ

Գործող Սահմանադրության 20-րդ հոդվածով սահմանվում է. «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է»։

Նոր նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասում այս ձևակերպումը պահպանվել է բառացիորեն։

Գործող Սահմանադրության 15-րդ հոդվածով էլ նախատեսվում է, որ պետությունը խթանում է մշակույթի, կրթության և գիտության զարգացումը, իսկ հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են։

Նոր նախագծում այս դրույթները միավորվել են մեկ հոդվածում։

Գործող Սահմանադրություն Նոր նախագիծ
Հոդված 20․ «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է» Հոդված 12․ Նույն ձևակերպումը պահպանվել է
Հոդված 15․ «Հայոց լեզուն» «Հայերենը»
Մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո է Դրույթը պահպանվել է
Պետությունը խթանում է «մշակույթի, կրթության և գիտության» զարգացումը Պետությունը խթանում է «կրթության, գիտության և մշակույթի» զարգացումը
Պետական լեզվին և մշակույթի, կրթության ու գիտության խթանմանը վերաբերող դրույթները երկու հոդվածում են Միավորվել են 12-րդ հոդվածում
Պետական լեզվին վերաբերող 20-րդ հոդվածը փոփոխման ոչ ենթակա հոդվածների ցանկում չէ 12-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչվում է անփոփոխելի

Հիմնական փոփոխությունը՝ հայերենի կարգավիճակի անփոփոխելիությունը

Գործող Սահմանադրության 203-րդ հոդվածով փոփոխման ենթակա չեն Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ և 203-րդ հոդվածները։ Պետական լեզվին վերաբերող 20-րդ հոդվածը դրանց թվում չէ։

Մինչդեռ նոր նախագծի 78-րդ հոդվածով նախատեսվում է, որ պետական լեզվին վերաբերող 12-րդ հոդվածի 1-ին մասը փոփոխման ենթակա չէ։

Հիշեցնենք, որ դեռ նոյեմբերի 2-ին Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրությամբ հայերենը՝ որպես Հայաստանի Հանրապետության միակ պետական լեզու սահմանող հոդվածը, կդառնա անփոփոխելի։ Նրա խոսքով՝ ի տարբերություն գործող Սահմանադրության, այլևս հնարավոր չի լինի փոփոխել այդ հոդվածը, փոխել պետական լեզուն կամ ավելացնել այլ պետական լեզուներ։

Ռուբինյանն այս փոփոխությունը հիմնավորել էր ազգային ինքնության պաշտպանության անհրաժեշտությամբ՝ քննադատելով ռուսերենին կամ անգլերենին պետական լեզվի կարգավիճակ տալու վերաբերյալ առաջարկները։

 

Անահիտ Խաչատրյան

 Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով

Leave a comment