Բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը պետք է դառնա ԱՄՆ-ի հետ ցանկացած համաձայնագրի անբաժանելի մասը և շարունակում է մնալ Իրանի պահանջներից մեկը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը պետք է լինի ցանկացած համաձայնագրի անբաժանելի մասը։ Ինչպե՞ս կարող է համաձայնագիր լինել, որի պայմաններում պատերազմը շարունակվում է։ Հետևաբար, սա Իրանի պահանջներից մեկն է»,- ճեպազրույցի ժամանակ նշել է նա։
Բաղայիի խոսքով՝ այս պահանջը բխում է ոչ միայն Իրանի շահերից, այլև արտացոլում է նրա պատասխանատվությունը ողջ տարածաշրջանի նկատմամբ, քանի որ Թեհրանը տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը դիտարկում է որպես միասնական ամբողջություն։
Ինչպես ընդգծել է դիվանագետը, Իրանի պահանջները հստակ են, և ԱԳՆ-ն վճռականորեն ու հետևողականորեն հետամուտ է լինելու դրանց կատարմանը։