«Երկրում ստեղծված քաղաքական փակուղուց դուրս գալու «ՀայաՔվե»-ի առաջարկը»

«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը

Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով, որով փորձեց օտար ճնշման տակ պարտադրվող Սահմանադրության փոփոխությունը, որով հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր բոլոր ազգային իղձերից և նպատակներից, և դառնա Ադրբեջանի կցորդը, ներկայացնել որպես խաղաղության և ազատության ճանապարհ բացող«դարակազմիկ» փաստաթուղթ։

Այս ամենին նախորդել է Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից Արցախի ամոթալի հանձնումն Ադրբեջանին, Հայաստանի ինքնիշխան տարածքների միակողմանի զիջումը նույն Ադրբեջանին, 2026 թ․ համապետական ընտրությունների արդյունքների կեղծումը և դրանով ժողովրդի հավաքական կամքի լկտի ոտնահարումը, քաղաքական ընդդիմության դեմ համատարած բռնաճնշումները՝ ազատազրկման, ունեզրկման և տարաբնույթ հալածանքների ձևով։ Եվ այս ամենով հանդերձ, Նիկոլ Փաշինյանը չի կարողացել կոտրել հայ ժողովրդի պայքարի ոգին, նրա սեփական ինքնության և ազատ կամքի պաշտպանության բնական բնազդը, և այժմ հայտնվել է այն անխուսափելի փակուղում, որը մոտեցնում է նրա անփառունակ քաղաքական գործունեության ավարտը։

Հասարակության ծայրահեղ բևեռացվածության, արտաքին պարտադրանքի և ներքին բռնաճնշումների պայմաններում ժողովուրդները Սահմանադրություն չեն փոխում, այսպիսի պայմաններում ընդունված սահմանադրություններն էլ կարճ կյանք են ունենում։ Երկրում ստեղծված քաղաքական փակուղուց դուրս գալու համար «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն առաջարկում է ՝

1. Նիկոլ Փաշինյանը, որպես Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակական միակողմանի զիջումներ իրականացրած, Արցախը կորցրած, Հայաստանի Հանրապետությունը փաստացի կապիտուլյացիայի առաջ կանգնեցրած, ընտրությունների արդյունքները կեղծած և քաղաքական ընդդիմության դեմ համատարած բռնաճնշումներով բոլոր կարմիր գծերն անցած ղեկավար, առանց որևէ նախապայմանների հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից։

2. Ազգային ժողովի երեք խմբակցությունները համատեղ ձևավորում են քաղաքականապես չեզոք, հասարակության վստահությունը վայելող ժամանակավոր կառավարություն, որը դադարեցնում է ընդդիմության նկատմամբ բռնաճնշումները, ջանքեր է գործադրում՝ մեղմելու հանրային բևեռացումը, և վեց ամսվա ընթացքում նոր, թափանցիկ և ազատ ընտրություններ է կազմակերպում, որոնք հնարավորություն են տալիս ձևավորելու այնպիսի իշխանություն, որն արտացոլում է իրական հանրային կարծիքը և ունի հանրային բարձր լեգիտիմություն

3. Նոր ձևավորված իշխանությունը, ելնելով հանրությունից ստացած մանդատից, Ադրբեջանի հետ սկսում է իրական, արժանապատիվ խաղաղության գործընթաց, իսկ սահմանադրական փոփոխությունների հարցն անջատվում է այդ գործընթացից՝ որպես Հայաստանի ներքին օրակարգի խնդիր` դրանով հնարավորություն տալով այն իրականացնելու հանրային լայն աջակցության և շահագրգիռ բովանդակային քննարկումների պայմաններում։

«Հայաքվե»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment