«Ուժեղ Հայաստանը» մերժում է ՀՀ իշխանության առաջարկած Սահմանադրության նախագիծը. Աբրահամյան

Բաժանորդագրվել

Ընդդիմադիր խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել նախագծի շուրջ բովանդակային քննարկումներին։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը մերժում է ՀՀ Սահմանադրության նոր նախագիծը։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս հայտարարությունն արեց խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա նշեց` ծանոթացել են նոր Սահմանադրության տեքստին ու վերահաստատում են` ՀՀ Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելը նշանակում է, որ տվյալ նախագիծն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջն է։

«Նախագծից պարզ է դառնում, որ բացի ալիևյան Սահմանադրություն լինելուց, ոչ ժողովրդավար, բռնապետական պետության միտում պարունակող օրենք է։ ՀՀ–ում Ալիևի պահանջով կամ արտաքին ուժերից որևէ մեկի պահանջով Սահմանադրություն չի ընդունվելու։ Մենք պաշտպանելու ենք Հայաստանի Հանրապետության Մայր օրենքը ոտնձգություններից, ինչպես պաշտպանել ու պաշտպանում ենք Հայ առաքելական եկեղեցին»,– ասաց Աբրահամյանը։

Խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանն էլ հավելեց` չեն պատրաստվում նաև նախագծի շուրջ բովանդակային քննարկումների մասնակցել։ Նրա խոսքով` արդեն տեքստից երևում է, որ նոր Սահմանադրությունում չկան համազգային նպատակները, Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը, ուստի բովանդակության մասին խոսելու անհրաժեշտություն չեն տեսնում։

Հիշեցնենք` այսօր հրապարակվեց նոր Սահմանադրության նախագիծը, այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր Սահմանադրությամբ պետության նոր մոդել է կառուցվում՝ 4-րդ հանրապետությունը։

Leave a comment